Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն է ներակայացնելու դատարան։ Հայտնել է Դավիթ Անանյանը՝ մանրամասնելով, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել:
ՊԵԿ նախագահի փոխանցմամբ` երեկ Դավիթ Ղազարյանը հրավիրվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմին, նրան մեղադրանք է առաջադրվել. «Սպայկա»-ի տնօրենն այս պահին ազատության մեջ է:
Ի դեպ` «Սպայկա» ընկերությունում այսօր ժամը 15:00-ին հրատապ մամուլի ասուլիս է հրավիրվել:
Ավելի վաղ, ՊԵԿ-ը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ:
Դավիթ Ղազարյանն օրերս տեղեկացրել էր, որ անցած տարվա հուլիսյան ստուգումներից հետո կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջե է վճարել չվճարված 2 միլիարդ 45 միլիոն դրամը:

