ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել այս համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, Շուշիի տարածքում հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողները:
«Որքանով ես հասկանում եմ, սա նոր տեղեկատվություն է: Ես չգիտեմ` արդյոք զինված ուժերի միջոցով զեկուցե՞լ են (այս մասին տեղեկատվություն նախագահ Վլադիմիր Պուտինին), արդյոք մեր զինվորականներն այդ մասին մանրամասն տեղեկություններ ունե՞ն»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, լրագրողը Պեսկովի ուշադրությունը հրավիրել է նրան, որ Բաքուն, իբր, հայտարարել է, որ, դատելով գծանշումներից, այդ հրթիռները արտահանվող տարբերակ չեն, այլ նախատեսված էին ռուսական զինուժի օգտագործման համար:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Իսկանդեր»-ն օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, Պեսկովն ասել է. «Հիշում եք «Իսկանդեր»-ի մասին պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում, և դա հաստատվել է»,-ասել է Պեսկովը:
Նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են նաև, թե արդյոք Կրեմլը պատկերացում ունի այն մասին, թե որտեղից կարող էին հայտնվել «Իսկանդեր»-ի հրթիռները, որի բեկորների հայտնաբերման մասին հայտարարվել է Բաքվում:
«Ոչ, մենք տեղեկություն չունենք» -ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը նշել է, որ պատերազմի ժամանակ Հայաստանից «Իսկանդեր» է արձակվել:
Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: