fbpx
Իրավական

Քննիչի գործառույթները չեն կատարվել․ Փոստանջյանը՝ Հայելի ակումբի վրա հարձակման գործի մասին

«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքով համարում ենք, որ քննիչի համապատասխան գործառույթները չեն կատարվել, այն դեպքում, երբ պետք է կատարվեին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ նման գործերի համար 2 ամիսը բավարար էր, որ նախաքննության ավարտը հայտարարվեր և գործն ուղարկեին դատարան:

«Պարզվում է, որ դեռ նախաքննությունը պետք է շարունակվի։ Պարզվում է, որ բավարար չի եղել նաև, որպեսզի մեղադրանք առաջադրվի խուլիգանության և բացահայտ խտրական վերաբերմունք արտահայտելու դեպքերի հետ կապված։ Ընդհանուր առմամբ մենք այս ամենը դիտարկում ենք ոչ թե միայն լրագողի աշխատանքի խոչընդոտել, այլ նաև խուլիգանական արարք, որովհետև հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Հարձակումն էլ տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով և հանրային կարգն է խախտվել այս արարքով»,-ասաց նա։

Փոստանջյանի խոսքով՝ այդ մասով իրենք միջնորդություն են ներկայացրել քննչական կոմիտեի տվյալ բաժնի քննիչին, սակայն քննիչը պատասխանել է, որ այս պահին միջնորդությունը չի քննարկվելու, եթե կլինեն բավարար հիմքեր, միջնորդությունը նոր կքննարկվի և հնարավոր է բավարավի։

«Բացի սա, մենք պահանջել էինք նաև, որ «Հայելի» ակումբը տուժող ճանաչվի, որովհետև ոչ միայն լրագրողն է տուժում իր մասնագիտական գործունեությունը ծավալվելու հարցում, այլ նաև հենց «Հայելի» ակումբը՝ որպես իրավաբանական անձ։ «Հայելի» ակումբին պատճառվել է և նյութական, և բարոյական վնաս»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:

Նա շեշտեց, որ իրենք համարում են, որ քննիչի համապատասխան գործառույթները չեն կատարվել, այն դեպքում, երբ պետք է կատարվեին։

«Իհարկե, հիմա մանրամասն չենք կարող հայտնել, քանի որ տեղի է ունենում նախաքննություն, կա նախաքննական գաղտնիք։ Մենք քննչական կոմիտեի գործողություններր գնահատում ենք անբավարար, նրանց գործողությունները խորը անգործության են մատնված։ Ես կարծում եմ՝ սա ուղղորդված անգործություն է, որովհետև գլխավոր դատախազը տեղեկացված է մեր բողոքների վերաբերյալ, բայց նույն գլխավոր դատախազը մեր բողոքների բավարարումը մատնել է անգործության»,-եզրափակեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ