Ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունը։
Տղամարդկանց մենախաղի եզրափակիչ խաղով ավարտվեց տարվա երկրորդ Grand Slam-ը։
«Գրունտի արքան»՝ Ռաֆայել Նադալը, շարունակում է իր աներևակայելի հաղթարշավը Փարիզի կորտերում։ Եզրափակչում 33-ամյա իսպանացին 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով չորս սեթում առավելության հասավ Դոմինիկ Տիմի նկատմամբ։ Ռաֆան 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»։ Մեծ սաղավարտի մրցաշարերում իր հաղթանակների քանակը Նադալը հասցրեց 18-ի։ Ռոջեր Ֆեդերերին նա այժմ զիջում է ընդամենը 2 Grand Slam-ով։
Ռաֆայել Նադալը «Ռոլան Գարոսում» հաղթող է ճանաչվել նաև 2005, 2006, 2007, 2008, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2017, 2018 թվականներին։
Տարվա հաջորդ Մեծ սաղավարտի մրցաշարը տեղի կունենա Լոնդոնում։ Աշխարհի ուժեղագույն թենիսիստները պայքարելու են Ուիմբլդոնի գավաթը նվաճելու համար հուլիսի 1-14-ն ընկած ժամանակահատվածում։