ՍԴ որոշումը վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրավական գործընթացի, այսպես ասած, ամբողջապես անհիմն լինելու նրա պաշտպանների ու համակիրների պնդումներն այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից, ՍԴ որոշումը, այն էլ մի քանի օր հետաձգվելուց հետո, վկայում է, որ քաղաքական ասպեկտում ևս կա զգալի հարաբերականություն, և Քոչարյանի կամ մարտիմեկյան գործի քաղաքական տողատակը ևս գտնվում է հարաբերական ազդեցությունների և փոխազդեցությունների դաշտում: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Այստեղ երկրորդ նախագահը, կամա թե ակամա, հայտնվել է մի դերում, որում նա խաղում է թերևս ներքին ու արտաքին բոլոր շահագրգիռ սուբյեկտների օգտին, իրենից բացի, որքան էլ առերևույթ լինի տպավորություն, որ դատական այս զիգզագում արձանագրվում են երկրորդ նախագահի հաջողություններ: Դրանք շատ չնչին հանգամանքներ են այն լայն տողատակում, որ առկա է Ռոբերտ Քոչարյանի կամ մարտիմեկյան գործում և որն առնվազն ստացել է հայ-ռուսական շատ ավելի լայն շրջանակ, եթե չասենք ավելի ընդգրկուն դիապազոնի մասին:
Այս տեսանկյունից, ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հնարավոր է բնութագրել թերևս իբրև «մերձքաղաքական հետախուզություն» իրավական մեխանիզմների կիրառումով: Միաժամանակ, ՍԴ որոշումով թերևս շոշափվեցին նաև հանրային որոշակի տրամադրություններ: Չմոռանանք, որ Սահմանադրական դատարանում կա Ռոբերտ Քոչարյանին առնչվող այլ գործ, որի հարցում արդեն ֆորմալ ներգրավվածություն են ստացել Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը, որոնց ՍԴ-ն ուղարկել է այդ գործը, այսպես ասած, խորհրդատվական աջակցության համար:
Վենետիկի հանձնաժողովը արդեն տվել է խորհրդատվություն տրամադրելու պատրաստակամություն, ինչը նշանակում է, որ Եվրոպայի խորհրդի մակարդակով ընդունվել է «խաղի հրավերը», ինչն էլ, իր հերթին, ևս մեկ անգամ նշանակում է, որ ՍԴ-ում քննված և հարաբերական որոշման արժանացած գործը կարող է լինել նախավարժանք մեծ խաղից առաջ: Այդ համատեքստում էլ պետք է դիտարկել, թե ՍԴ ներկայիս որոշումն ինչ մեկնաբանության կարժանանա Ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ մարտիմեկյան այդ գործը գտնվում է Աննա Դանիբեկյանի ենթակայության ներքո և որը արդեն իսկ նշանակել է առաջին նիստի օրը՝ սեպտեմբերի 12, ընդ որում՝ ՍԴ-ում Քոչարյանի գործի քննությանը զուգահեռ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։