«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը կատակել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո (3:0), որի արդյունքում կապտանռնագույնները դուրս եկան եզրափակիչ:
Կատալոնական ակումբը հրապարակել է այն լուսանկարը, որում Մոդրիչը խախտում է կանոնները հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայքարում` քաշելով նրա մարզաշապիկից:
«Շատ ավելի հեշտ է Մեսսիի մարզաշապիկը ձեռք բերել մեր օնլայն-խանութից»,- գրված է լուսանկարի մեկնաբանությունում:
Հիշեցնենք` Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Բարսելոնան» կմրցի «Վալենսիայի» հետ, որը երկու խաղի արդյունքում առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ:
Վաղը` մարտի 2-ին, «Ռեալն» ու «Բարսելոնան» նորից կխաղան միմյանց դեմ: Իսպանական Պրիմերայի 26-րդ տուրի խաղը կկայանա Մադրիդում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
Հաղորդում է armsport.am-ը։

