Իրավական

Ստեփանավանի համայնքապետարանում ավելի քան 22 մլն դրամ է հափշտակվել․ քրգործ է հարուցվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից 2016-2020թթ. ընթացքում փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների հավաքագրման գործընթացները:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 2021թ. իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի կողմից փոխադրամիջոցների գույքահարկի փաստացի հավաքագրման ընդհանուր չափը 2018-2020թթ. կազմել է մոտ 123.4մլն. ՀՀ դրամ: Մինչդեռ համայնքի բյուջե է մուտքագրվել մոտ 114մլն ՀՀ դրամ, կամ 9.4մլն ՀՀ դրամով պակաս:

Բացի այդ, 2016-2020թթ. համայնքի աղբահանության վճարների հավաքագրման ընդհանուր չափը կազմել է 133մլն ՀՀ դրամ, սակայն համայնքի բյուջե է մուտքագրվել 120.4մլն ՀՀ դրամ, կամ մոտ 12.7մլն ՀՀ դրամով պակաս:

Փաստորեն Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձինք, 2016-2020թթ. համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի և աղբահանության վճարների գծով փաստացի հավաքագրելով ընդհանուր շուրջ 256.5մլն դրամ, համայնքի բյուջե են մուտքագրել միայն մոտ 234.4մլն ՀՀ դրամ՝ այսինքն առերևույթ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 22մլն. ՀՀ դրամ գումար:

Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության առերևույթ հանցագործության մասին տվյալներ և անհրաժեշտ է կատարվածի ամբողջական հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ