fbpx
Աշխարհ

Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել ցույցերը անցումային կառավարության ստեղծումից հետո

Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարեցնել նստացույցը միայն անցումային կառավարության ստեղծումից հետո: Այդ մասին ուրբաթ հայտարարել են «Ազատության և փոփոխությունների համար» միության ներկայացուցիչները Խարթումում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը:

«Մենք կլքենք բարիկադները, երբ Գերագույն խորհուրդը կատարի մեր պահանջները, այսինքն` ձևավորվի անցումային կառավարությունը,-ասել են նրանք:

Ընդդիմադիրների խոսքերով՝ նրանք հույս ունեն ստանալ դրական պատասխան Գերագույն խորհրդից:

Ապրիլի 11-ին Սուդանում տնտեսական ծանր իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տևողությամբ ցույցերից հետո երկիրը իշխանությունից հեռացրել էր 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրին և ստանձնել պետության կառավարումը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ, լուծարելով խորհրդարանը և դադարեցնելով սահմանադրության գործունեությունը: Արդեն երկու շաբաթ է՝ զինվորականներն ու ընդդիմությունը բանակցություններ են վարում համատեղ կառավարման խորհուրդ ստեղծելու և երկրում անցումային շրջանի շուրջ, սակայն մինչ օրս որևէ հստակ որոշում չի կայացվել:

Ավելի վաղ Ռազմական խորհուրդը մեղադրել էր միությանը բանակցություններում անկեղծ վերաբերմունքի բացակայության, անհամաձայնեցված պահանջներ առաջադրելու և բանակի դեմ հրահրող գործողություններ կատարելու մեջ: Արդյունքում բանակը պահանջել էր ընդդիմությունից ներկայացնել անցումային փուլում պետության հետագա կառուցվածքի մասին առաջարկների վերջնական նախագիծը, որն այլևս չի ենթարկվի փոփոխությունների:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ