Lragir.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։
Պարոն Սահակյան, Տավուշի մարզի սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ռուս սահմանապահներն ուղեկալներ կտեղադրեն, Ոսկեպարում էլ արդեն տեղադրված է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ռուսական կամ միջազգային ուժերի տեղակայման հարցը վերջերս բարձրացվել է կառավարության նիստի ժամանակ։ Դրանից հետո էլ սկսվել է գործընթացը։ Անկեղծ ասած, ենթադրում եմ, որ այն ավելի վաղ էր սկսվել, իսկ դա ուղղակի գործընթացին հանրային լեգիտիմություն հաղորդելու ակտ էր։ Ցավոք, հանրությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հնարավորություն չունի տեղեկանալ, թե ինչ է կատարվում, գործընթացը ինչ հեռահար նպատակ ունի, ի՞նչ են ընդհանրապես բանակցում մեր կառավարությունները, որպեսզի վերջնական տրամաբանությունն էլ հասկանա։ Իմ ունեցած տեղեկատվությունն էլ, բավարար չէ, որպեսզի հնարավոր լինի վերջնականապես պարզել, թե ինչ մեծ գործընթացի մաս է օտար զինված ուժերի տեղակայումը մեր սահմանների երկայնքով։ Կան, իհարկե, ենթադրություններ, բայց դրանք բարձրաձայնելը կնշանակեր խթանել սուրճի բաժակով գուշակություններ անելու պրակտիկան։ Միաժամանակ, կառավարությունը պետք է հասկանա, որ եթե այդ վերջնակետը հանրությանը դուր չգա, ապա կատարված փաստի առաջ կանգնած հանրությունը պետք է որ անկանխատեսելի վարք դրսևորի։ Առանց այդ էլ պատերազմի 44-օրյա սրմանը նախորդած և հաջորդած բանակցությունների բովանդակության մասին վերջում ի հայտ եկած հանգամանքները որոշակի շոկ էին պարունակում հանրության համար։
- 6 տրիլիոն դոլարի անկումը կարող է լավատեսական թվալ. Տնտեսագետներ
- Ի՞նչ պայմանավորվածություններ կան գազի գնի շուրջ և, ի՞նչ հետևանքներ կունենա դրանից հրաժարվելը
Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը, թեև կոշտ հայտարարություններ արեց, բայց այսօր Շոյգուի հետ հանդիպմանը նշեց, որ Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։ Ինչպե՞ս եք գնահատում։
Կարծում եմ՝ դա Հայաստանի ընտրության հարց է եղել մինչև 2020թ․ սեպտեմբերը։ Այժմ այդպիսի ընտրության հնարավորությունը նվազել է։ Ես խորը համոզմունք ունեմ, որ ցանկության դեպքում, այլ քաղաքական մտածողություն ունենալու պարագայում հնարավոր էր եթե ոչ սեփական արդյունավետ անվտանգության համակարգը ստեղծել, ապա գոնե դիվերսիֆիկացնել անվտանգության պակասորդի ներմուծումը։ Ընդ որում, հարցն այստեղ միայն սպառազինությանն ու ֆիզիկական անվտանգությանը չի վերաբերում։ Անվտանգության ոչ պակաս տարրեր են տնտեսական, էներգետիկ, պարենային անվտագային համակարգերը, արդյունավետ դիվանագիտությունը։
Արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Հայաստանը անվտանգության ապահովման այլընտրանքներ այս փուլում գոնե չի դիտարկում։
Կարծում եմ՝ դիտարկում է։ Բայց դրա համար ժամանակ է պետք։ Հենց դա է պատճառը, որ Ադրբեջանը իրադարձությունները արագացնելու քաղաքականություն է վարում։ Ժամանակը հիմա Հայաստանի օգտին է աշխատում։ Երբ Հայաստանը վերագտավ իրեն, անվտանգության հարցը լուծեց, Ադրբեջանի խնդիրները շատ են ավելանալու։ Իսկ Հայաստանը իրեն վերգտնելու է։ Եթե տարածաշրջանում հայկական գործոնի դերը չկարևորվեր, ապա պատերազմը նոյեմբերի 9-ին չէր կանգնի, կոնֆլիկտը նորից չէր սառեցվի և օգնության միլիարդանոց ծրագրեր չէին նախատեսվի։ Այլ հարց է, թե մենք ինչպես ենք վերաբերվում ինքներս մեզ, հասկանո՞ւմ ենք արդյոք միջազգային հարաբերությունների զարգացման արդի միտումները, մեր դերը աշխարհում, աշխարհին մեր առաջարկը ո՞րն է, բացի աշխարհի գլադիատորը լինելը։ Դա է ամենակարևոր խնդիրը։ Խնդիրը մեր ներսում է։