fbpx
Արցախ
12:50 26/02/2020

Թող ծավալվի գաղափարների ու ծրագրերի պայքար. Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախում այսօր՝ փետրվարի 26-ին, պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Այս կապակցությամբ Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հանդես է եկել նախընտրական կոչով՝ մրցակից բոլոր թեկնածուներին և քաղաքական ուժերին հորդորելով ծավալել գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր մեր հանրապետությունում պաշտոնապես մեկնարկում է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Իմ գլխավորությամբ մեր քաղաքական թիմը ձեզ կներկայանա հեղափոխական, բայց նաև իրատեսական ծրագրով: Այն իրենում բովանդակում է մեր ժողովրդին հուզող հիմնական խնդիրների լուծման մեր տեսլականը և ամբողջովին միտված է Արցախում բարեկեցիկ, արդար ու ապահով ապագա կառուցելուն: Ծրագրի հիմքում դրված են մեր ժողովրդի արմատական շահերն ու պահանջմունքները, և, իմ խորին համոզմամբ, մեր գործունեության հիմնական առանցքն ուղղված է լինելու Արցախում կյանքի ու տրամադրությունների որակի փոփոխությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ

Հանրապետության կառավարման ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու համար հայտ ներկայացնելուց առաջ մենք երկար ժամանակ ենք ունեցել նախապատրաստվելու: Այսօրվանից սկսած՝ ձեզ ներկայանում ենք երիտասարդներից ու փորձառուներից կազմված մեծ թիմով, և հավատացնում եմ, որ, ձեր վստահությանն արժանանալու պարագայում, մենք համատեղ ջանքերով կարողանալու ենք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին ավելի մանրամասն առաջիկա օրերին ձեզ հետ հանդիպումների ժամանակ խոսելու և ներկայացնելու առիթ կունենանք:

Եվս մեկ անգամ կարևորելով օրվա խորհուրդը՝ դիմում եմ այս քաղաքական ընտրապայքարին մասնակցող նախագահի բոլոր թեկնածուներին, կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքների պատասխանատուներին՝ նախընտրական քարոզարշավը համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտում կազմակերպելու կոչով: Թո՛ղ ծավալվի գաղափարների ու ծրագրերի պայքար՝ զերծ միմյանց նկատմամբ վիրավորանքներից ու ներքին միասնականությունը պառակտող փորձերից:

Բարին ընդ մեզ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ