Մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման պլանը կհրապարակվի մինչև հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նախատեսված հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հնարավոր է, որ մենք այն հրապարակենք դրանից ինչ-որ ժամանակ առաջ»,-նշել է Թրամփը:
Նա վստահություն է հայտնել, որ պլանը կգործի՝ հավելելով, որ այդ մասին արդեն խոսակցություն է եղել Պաղեստինի ներկայացուցիչների հետ:
«Մենք կարճատև խոսել ենք նրանց հետ, բայց նրանց հետ խոսելու ենք որոշ ժամանակ անց: Նրանք էլ դա անելու շատ պատճառներ կունենան: Ես համոզված եմ, որ նախ կարձագանքեն բացասաբար, բայց իրականում դա շատ դրական է նրանց համար»,- հավելել է նախագահը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն Սպիտակ տանը կընդունի Իսրայելի ղեկավարին, և ժամանելու հրավերը նաև ընդունել է իսրայելական ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը։