Վաշինգտոնն ամեն ինչ անում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Նրա խոսքերով` ինքը Լավրովի հետ անկեղծ զրույց է ունեցել նույնիսկ այն հարցերով, որոնք տարաձայնություններ են աառաջացնում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև։
«Նախագահ Թրամփը ասել է, որ իր ակնկալիքները հետևյալն են՝ մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները մեր երկրների միջև, քանի որ դա կբխի մեր երկու ժողովուրդների շահերից։ Եվ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք»,- նշել է Պոմպեոն։
Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ը դեռևս պատրաստ չէ վերահաստատել միմյանց գործերին չմիջամտելու Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունը։ «Մենք, իմիջիայլոց, հերթական անգամ բերեցինք այն օրինակը, որ 1933թ․ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ նախագահ Ռուզվելտը և արտաքին գործերի ազգային կոմիսար Լիտվինովը նոտաներ էին փոխանակել, որոնցով պարտավորվել էին չմիջամտել միմյանց ներքաղաքական գործերին»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։
Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հետ Օսակայում հանդիպելու Դոնալդ Թրամփի պլանները՝ Լավրովը հայտարարել է, որ եթե պաշտոնական առաջարկություն լինի, իրենք դրականորեն կարձագանքեն։