fbpx
Հասարակություն

Ո՛չ ՀԱՊԿ-ին. Ազատ, Անկախ Հայաստան

Մենք՝ հավաք իրականացնող քաղաքացիներս, պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս գա ՀԱՊԿ-ից։

ՀԱՊԿ-ը և դրա անդամ պետությունները չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, չեն աջակցում մեր անվտանգությանը, պաշտպանությանը և ինքնիշխանությանը, այլ սատարում են թշնամական Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի։

Մենք ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսիայի ղեկավարների հնչեցրած դիրքորոշումները դավաճանական ենք համարում հիմնադիր անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանարպետության հանդեպ։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ կառույցը կամ դրա անդամները տվյալներ ու տեղեկատվություններ չեն փոխանցել ու փոխանցում Ադրբեջանին թե՛ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո տեղի ունեցող բախումների ժամանակ, ինչպես որ վաճառել են միլիարդավոր դոլարների արժողությամբ հարձակվողական զենք և զինամթերք՝ խախտելով տարածաշրջանում ռազմական բալանսը, որը նպաստեց ու նպաստում է ադրբեջանական ագրեսիաների իրականացմանը։ Նրանք ոչ մի զսպող մեխանիզմ չեն կիրառել թշնամական երկրի սադրանքներն ու զինված գործողությունները կանխարգելելու համար, այդ թվում, երբ դա իրականացվել է խաղաղ բնակիչների ու բնակավայրերի հանդեպ։

Այդ կազմակերպությունը, Ռուսաստանի Դաշնության ղեկավարության գլխավորությամբ խոչընդոտել է նաև Հայաստանի Հանրապետությանն իր անվտանգության և պաշտպանության խնդիրները լուծելու համար օգտվել կազմակերպության ոչ անդամ երկրների տված լայն հնարավորություններից։ Հայաստանի հետ բարեկամության դաշնակիր կնքած երկրի ղեկավարությունը նաև չի մատակարարել Հայաստանի Հանրապետության կողմից գնված զենքերը, պարբերաբար նաև մատակարարել է խոտան հանդիսացող սպառազինություն։

Վերոգրյալ կերպով բազմակի անգամներ են վարվել կեղծ դաշնակիցները, հետևաբար անպիտան ու վնասակար կազմակերպությունից Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա։

Ուստի ո՛չ ենք ասում ՀԱՊԿ-ին և պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և ՀՀ ԱԺ-ից վարկյան առաջ դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Արժանապատիվ Հայրենիք» քաղաքացիական նախաձեռնություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ