fbpx
Կրթություն

Խաղաղության կորպուսի 37 հոգուց բաղկացած խումբը ժամանել է Հայաստան

Նախորդ գիշեր Ամերիկայի Միացյալ Նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը ժամանել է Հայաստան:

Հայաստան ժամանած բոլոր կամավորները Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են, ովքեր որոշել են իրենց կյանքի երկու տարիները Հայաստանում անցկացնել և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում և անգլերեն կդասավանդեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ, կաշխատեն հասարակական կազմակերպություններում:

Մինչ Հայաստան ժամանելը, կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը և հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր և արտահայտություններ, իսկ լեզուն և մշակույթը կշարունակեն ուսումնասիրել արդեն Հայաստանում:

Մայիսի 31-ին, տեղի կունենա կամավորների երդման հանդիսավոր արարողությունը, և կսկսվի նրանց ծառայությունը Հայաստանի բոլոր մարզերում:

Կամավորներն ապրում են հայ ընտանիքների հետ առնվազն վեց ամիս և իրենց ծառայության ընթացքում չեն ստանում աշխատավարձ: Որոշ կամավորներ ապրում են հայ ընտանիքների հետ իրենց ծառայության ողջ ընթացքում:

«ԱՄՆ Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961 թվականին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղություն և ընկերություն ամրապնդելու նպատակով: Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992թ.-ից ի վեր՝ Հայաստանի կառավարության հրավերով: Մինչ օրս Հայաստանում ծառայել է ավելի քան 1,100 կամավոր:

Ներկայումս Հայաստանում ապրում և աշխատում է 71 կամավոր. 37 նորեկները միանալու են նրանց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ