Երկու օր առաջ պաշտոնապես գրանցված «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն այսօր Արթիկում կայացած հանդիպմանը հայտարարեցին, որ պատրաստվում են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Ազատության» հարցին՝ միայնակ են մասնակցելու ընտրություններին, թե դաշինք են կազմելու, կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ – «Քննարկումները շարունակվում են։ Մեզ խիստ հետաքրքրում էր և շատ ենք կարևորում, որ կարողանանք համախմբել այս տարիների ընթացքում ռեժիմի դեմ դուրս եկած դիմադրող շրջանակներին, հեղափոխության մասնակից շրջանակներին։ Այժմ այդ քննարկումները գնում են։ Հակված ենք հեղափոխական շրջանակներին միավորելու»:
Թե ով է գլխավորելու ցուցակը՝ բանակցությունների արդյունքում պարզ կդառնա: Ինքը՝ Սեֆիլյանը չի կարող ցուցակ ընդգրկվել, քանի որ նրա քաղաքացիության հարցը դեռ չի լուծվել:
Երեկ հայտնի դարձավ, որ կառավարությունը մերժել է Սեֆիլյանին հետին ամսաթվով քաղաքացիություն տրամադրելու դիմումը՝ առաջարկելով հարցը լուծել դատական ճանապարհով: Սեֆիլյանն ասաց, որ չի պատրաստվում դատարան դիմել: – «Բնականաբար, այսօր Հայաստանում տակավին դատարան գոյություն չունի, ուստի ես այդ միջոցը չեմ օգտագործի այժմ», – հավելեց նա։
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողներին ասել է, որ քաղաքացիություն շնորհում է նախագահը, իսկ իրենք դրական եզրակացություն են տվել՝ այդպիսով Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցը լուծված համարելով:
Ընտրական օրենսգրքի համաձայն յուրաքանչյուր կուսակցություն մարզերում առնվազն 5 ռեյտինգային թեկնածու պետք է ունենա․ արդյոք այդքան ներուժ ունի նորաստեղծ կուսակցությունը` «Ազատության» այս հարցին էլ Սեֆիլյանն արձագանքեց․ – «Այս օրենսգրքի պահպանումը նաև մեր դեմ քայլերից մեկն է։ Բայց այս բոլոր դժվարությունները կհաղթահարենք։ Ես կարծում եմ, որ մենք կգտնենք հնարքներ ավելի ուժեղ քայլեր կատարելու», – նշեց Սեֆիլյանը։
«Սասնա ծռերը» վստահ են, որ նոր խորհրդարանում անպայման կլինեն: – «Կարծում եմ, որ առանց բազմակարծության, առանց հակակշռի, առանց զսպման խորհրդարան չի լինի և այս 20-25 տարիների ընթացքում առաջին հանրավորությունն է, որ ստեղծվել է մեր համար՝ հայերիս համար, ձևավորելու քաղաքական դաշտ։ Քաղաքական դաշտի ձևավորման հարցում, ես կարծում եմ, որ մեր դերակատարումը մեծ կլինի և ապագան ցույց կտա, թե մենք կարդարացնենք մեր ժողովրդի սպասումները, թե ոչ։ Եթե առաջիկա ժամանակներում արտաքին վտանգը պահպանվի և կամ ավելի սաստկանա, բնականաբար հավանականությունը կմեծանա կոալիցիայի, որովհետև պետք է ազգը միավորվի, միասնական ուժերով գնանք առաջ։ Ինչպես ասեցի, որ մենք պետք է լինենք գլխավոր հակակշռող ուժը, երկրորդ բևեռը, դա փաստ ա», – ընդգծեց «Սասնա ծռերի» ներկայացուցիչը։
«Սասնա ծռերին» այսօր ուղեկցում էր քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Պարզվեց՝ վերջինս կուսակցության համակիրն է և չբացառեց, որ կընդգրկվի նաև «Սասնա ծռերի» ընտրացուցակում:
«Երկու օրից կիմանաք՝ ցուցակում ես կհայտնվեմ, թե ոչ։ Շատ հավանական է, որ ես կլինեմ ցուցակում և էլ ավելի ակտիվ կաջակցեմ «Սասնա ծռերին», քանի որ համարում եմ շատ կարևոր, որ այս ձևի մարդկանց, ովքեր պատրաստ են առանց բռնության մտնել քաղաքական դաշտ, պատրաստ են քաղաքական դաշտում իրենց լուրջ լուման ներդնել, քանի որ ինտելոկտոոալ պոտենցիալը այնտեղ շատ մեծ է», – ասաց քաղաքագետը։
Արթիկում կայացած հանդիպումից հետո «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին նաև գյումրեցիների հետ:
Աղբյուր՝ azatutyun.am