fbpx
Սպորտ

Ովքե՞ր են Շախմատի համահայկական առաջին մրցաշարի հաղթողները

Հունիսի 26-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) և Հայաստանի շախմատի ակադեմիան համատեղ կազմակերպեցին Համահայկական շախմատի առաջին մրցաշարի փակման առցանց արարողությունը: Վիրտուալ մրցաշարը, որին մասնակցեց շուրջ 520 շախմատասեր աշխարհի 36 երկրից, տեղի ունեցավ սույն թվականի հունիս 8-26-ը ՀՎՀ-ի կրթական ինտերակտիվ հարթակում:

Առցանց արարողության սկզբում ողջույնի ուղերձով հանդես եկան ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Երվանդ Զորյանը՝ խոսելով մրցաշարի առաքելության և նպատակների մասին, և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ, գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը՝ անդրադառնալով շախմատ խաղի ազդեցությանը երիտասարդների ռազմավարական մտածողության զարգացման վրա:

Բացման խոսքից հետո հայտարարվեցին Համահայկական շախմատի մրցաշարի 2020 թվականի երեք չեմպիոնների անունները.

առաջին մրցանակակիր. Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան,
երկրորդ մրցանակակիր. Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ,
երրորդ մրցանակակիր. Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիքի մարզ, Հայաստան:

Բոլոր հաղթողները ստացան պատվոգրեր և հատուկ նվեր քարտեր ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից:

«Նման մրցաշար կազմակերպելու նպատակը միայն հաղթողներ ունենալը չէր, մեզ համար առավել քան կարևոր էր ստեղծել շախմատասերների աշխարհասփյուռ առցանց համայնք»,- իր շնորհավորական խոսքում շեշտեց դոկտ. Երվանդ Զորյանը:

Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ նաև Վազգեն Յակուբյանը՝ մրցաշարի հովանավոր ՀԲԸՄ Հայաստանի նախագահը: Մրցաշարը կազմված էր երկու փուլից. տարածաշրջանային հինգ կիսաեզրափակիչ՝ Հայաստան և Արցախ, Ասիա և Օկեանիայի երկրներ, Եվրոպա, Ամերիկա, Միջին Արևելք և Աֆրիկա, այնուհետև եզրափակիչ մրցաշարի երեք տուր: Մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին տարածաշրջանային կիսաեզրափակիչների և եզրափակչի երեք տուրերի հաղթողները:

Մրցախաղերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հետևել ՀՎՀ-ի շախմատի մուլտմեդիա առցանց դասընթացներին և շախմատի հայ չեմպիոնների հետ շախմատային առցանց դասեր անցկացնել՝ իրենց շախմատային հմտությունները զարգացնելու և խաղերին նախապատրաստվելու համար:

Ներկայացնենք Համահայկական շախմատի մրցաշարի տարածաշրջանային կիսաեզրափակչի հաղթողներին.

Հայաստանի և Արցախի մրցանակակիրներ՝
1-ին տեղ – Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Լոռի
2-րդ տեղ – Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Սյունիք
3-րդ տեղ – Մենուա Հակոբյան, 12 տարեկան, Երևան

Միջին Արևելքի և Աֆրիկայի մրցանակակիրներ՝
1-ին տեղ – Գևորգ Եղյան, 16 տարեկան, Հալեպ, Սիրիա
2-րդ տեղ – Էդուարդ Իսկանդարյան, 14 տարեկան, Բեյրութ, Լիբանան
3-րդ տեղ – Արսեն Քենյան, 9 տարեկան, Հալեպ,

Սիրիա Եվրոպայի մրցանակակիրներ՝
1-ին տեղ – Դանիել Կարապետյան-Հակոբյան, 13 տարեկան, Բարսելոնա, Իսպանիա
2-րդ տեղ – Դիմիտրիոս Լևոն Զաքարյան, 12 տարեկան, Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն
3-րդ տեղ – Հենրիկ Սերոբյան

Ամերիկայի մրցանակակիրներ՝
1-ին տեղ – Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
2-րդ տեղ – Սուրեն Ղազարյան, 15 տարեկան, Սասկատչևան, Կանադա
3-րդ տեղ – Էթան Բոլդի, 13 տարեկան, Կալիֆոռնիա,

ԱՄՆ Ասիայի և Օկեանիայի մրցանակակիր՝
Շահան Աբու Սայեդ, 9 տարեկան, Նոր Դելի, Հնդկաստան

«Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցել ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի կողմից կազմակերպված համահայկական այս մրցաշարին: Ես ձեռք բերեցի բազմաթիվ շախմատասեր ընկերներ, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում», – ասաց մրցաշարի Միջին Արևելքի և Աֆրիկայի առաջին մրցանակակիր Գևորգ Եղյանը:

Փակման արարողությանը մասնակցեցին շախմատի հայ անվանի չեմպիոններ և շախմատասերներ ամբողջ աշխարհից:

Հաղթողներին իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին շախմատի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոստմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի մասնակիցներ Էթան Բոլդին ԱՄՆ-ից և Գևորգ Եղյանը Սիրիայից իրենց երախտագիտությունը հայտնեցին կազմակերպիչներին և կիսվեցին տպավորություններով:

Առցանց միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան մասնակցել վիկտորինայի և շահել լրացուցիչ մրցանակներ:

Յուրահատուկ անակնկալ էր պատրաստել նաև Հայաստանի շախմատի ակադեմիան:

Շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը և Ռուսաստանի կանանց արագ շախմատի չեմպիոն Կարինա Համբարձումովան կայծակնային շախմատի երկու առցանց պարտիա խաղացին:

Թեժ մթնոլորտում անցնող պարտիաները վարպետորեն մեկնաբանեցին շախմատի ԱՄՆ-ի կանանց առաջնության փոխչեմպիոն Տաթև Աբրահամյանը և շախմատի ԱՄՆ-ի փոխչեմպիոն Վարուժան Հակոբյանը:

Համահայկական շախմատի 2020թ. մրցաշարի փակման առցանց արարողությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ