ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակին:
«Հիմա տեղի է ունեցել հետևյալը. այն հատվածներում (21 կիլոմետրանոց հատվածի մասին է խոսքը), որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել, դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ դանակահարության վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Ըստ նրա՝ ճանապարհի այդ հատվածում տեղի ունեցածը հակասում է ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությանը:
«Անկախ այս իրավիճակից, դեռ 2019 թվականից, առավել ևս 2021 թվականից ակտիվ աշխատանքներ ենք անում այնտեղ եղած այլ՝ Կապան-Աղվանի ճանապարհն ասֆալտապատելու ուղղությամբ»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: