Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատ է ներխուժել, որով պայմանավորված սպասվում են առատ տեղումներ ու օդի ջերմաստիճանի նվազում։
Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ այսօր գիշերը ու նոյեմբերի 11-ին տեղումներ են սպասվում Հանրապետության մեծ մասում, իսկ լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։
Մասնավորապես՝ ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի ու Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Նշվում է նաև, որ վաղը ցերեկը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում նվազելու է 10-ից 12 աստիճանով։