fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող գերիների թիվը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնում է, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են:

Այս մասին Արարատ Միրզոյանն հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Ադրբեջանում դեռևս ապօրինաբար պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք: Եվ Հայաստանը շարունակում է միջազգային տարբեր ձևաչափերով բարձրաձայնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի հարցը:

Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերի, պատանդ և այլ կարգավիճակով պահվող անձինք: 38-ից 3-ը քաղաքացիական անձինք են: Ուշագրավ է, որ 38-ից 2-ը գերեվարվել են նախքան նոյեմբերի 16-ը տեղի ունեցած էսկալացիան»,-ասել է Միրզոյանը:

Միրզոյանը հիշեցրել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումները: Դատարանը հրատապ միջոցների կիրառմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին կանխել ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության դեմ:

Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարի բարձրացրած մոտեցումներն այն մասին, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը պետք է զբաղվի «աղվանական մշակութային կոթողների վերականգնմամբ» հրատապ է դարձնում հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ առաքելության գործուղումը ԼՂ: Եվ հայկական կողմն այս ուղղությամբ այժմ բանակցություններ է վարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ