Դեկտեմբերի 25-ին «Իրավախախտում կատարած անձանց 2019 թվականի գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում պահվող շուրջ 167 ազատազրկված այն անձինք, որոնք մասնակցել են տարվա ընթացքում կազմակերպված տարբեր դասընթացների, և որոնց մեջ կան նաև օտարերկրացիներ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացան հավաստագրեր և վկայագրեր:
Անչափահաս ազատազրկված անձինք, որոնք անցնում են պետության կողմից նախատեսված պարտադիր հանրակրթական ծրագիրը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության և Կենտրոնի կողմից ստացան ամանորյա նվերներ` գրքեր և քաղցրավենիք` յուրաքանչյուր անչափահասի նախասիրությունները հաշվի առնելով:
Անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման դասերի մեկնարկը տրվել էր 2019 թվականի փետրվարի 1-ին: Այս ընթացքում դատապարտյալները և կալանավորված անձինք ուսումնասիրել են բիզնես-գրագիտություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն, համակարգչային հմտություններ, դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն զարդակիրառական արվեստ, խեցեգործություն) առարկաները:
Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման և հանրակրթություն ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Ծրագրերի նպատակն է կրթության միջոցով փոխել անազատության մեջ հայտնված անձանց վարքը, արժեհամակարգը, մտածողությունը և հասարակական նորմերի ընդունումը:
Գալիք տարի «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրերի շրջանակում նախատեսում է իրականացնել նոր խմբերի համալրում` կապված դասերի և առարկաների կարիքների պահանջից: Նախատեսվում է նաև ՀՀ արդարադատության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների կողմից քննարկել 19 տարեկանից բարձր իրավախախտում կատարած անձանց հանրակրթական ծրագիր անցնելու իրավունքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։