Նիդեռլանդների պետական բյուջեի դեֆիցիտը 2026 թվականի առաջին վեց ամիսներին հասել է 8 միլիարդ եվրոյի՝ արձանագրելով առաջին կիսամյակի ամենաբարձր ցուցանիշը 2021 թվականի համավարակի շրջանից ի վեր։ Ինչպես հաղորդում է NL Times-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների վիճակագրական ծառայության (CBS) տվյալները, 2025 թվականի նույն ժամանակահատվածում բյուջեի պակասորդը կազմել էր 5 միլիարդ եվրո։
Պետական ընդհանուր ծախսերն ավելացել են 5 տոկոսով՝ հասնելով 273 միլիարդ եվրոյի։ Ծախսերի աճի հիմնական պատճառը սոցիալական նպաստների հատկացումներն են, որոնք ավելացել են 8 միլիարդ եվրոյով՝ կազմելով բյուջետային բոլոր ծախսերի գրեթե կեսը։ Պետական ապարատի պահպանման ծախսերը, ներառյալ աշխատավարձերն ու ապրանքների և ծառայությունների գնումները, աճել են 5 տոկոսով՝ կազմելով 92 միլիարդ եվրո։ Բացի այդ, Նիդեռլանդները 2 միլիարդ եվրոյով ավելի է վճարել Եվրոպական միության բյուջեին։
Պետական եկամուտներն նույնպես աճել են, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան ծախսերը։ Պետական գանձարանը հավաքագրել է 265 միլիարդ եվրո, ինչը 4 տոկոսով ավելի է 2025 թվականի առաջին կեսի համեմատ։ Եկամուտների աճը հիմնականում ապահովվել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), ինչպես նաև եկամտային և աշխատավարձի հարկերի հաշվին։ Միևնույն ժամանակ, շահութահարկի գծով մուտքերը նվազել են 1 միլիարդ եվրոյով՝ կազմելով 28 միլիարդ եվրո։
Չնայած պակասորդի ավելացմանը՝ երկրի ֆինանսական ցուցանիշները մնում են Եվրոպական միության սահմանած չափանիշների շրջանակում։ Բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 1,9 տոկոսը, ինչը ցածր է ԵՄ-ի սահմանած 3 տոկոսի առավելագույն շեմից։ Պետական պարտքը պահպանվել է 524 միլիարդ եվրոյի մակարդակում, իսկ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը տնտեսական աճի շնորհիվ նվազել է մինչև 43,7 տոկոս՝ մնալով ԵՄ 60 տոկոսի առավելագույն շեմից զգալիորեն ցածր։

