Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը:

ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը:

Համերգը կկայանա վաղը: Այս համերգը մաեստրո Թոփչյանի առաջին համագործակցությունն է Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է հանրահայտ Պավել Կոգանը:

Էդուարդ Թոփչյանը բազմիցս հանդես է եկել համերգներով Ռուսաստանում՝ ղեկավարելով ռուսական տարբեր հեղինակավոր նվագախմբեր, որոնց թվում են Ռուսաստանի ազգային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Միխայիլ Պլետնյով և Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակով:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ