fbpx
Խորհրդարան

Գաղտնալսող սարքերի ներկրումն օրենքով արգելված է. Արթուր Վանեցյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում  հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հարցրեց, թե որ փուլում է գտնվում գաղտնալսման գործը և ինչ լուծում է տրվել գաղտնալսող սարքերի ներկրման խնդրին: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետություն գաղտնալսման սարքեր բերելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Անհատները, տարբեր կազմակերպություններ չեն կարող ներկրել:

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել: Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան», – նշեց Արթուր Վանեցյանը:

Հարց է առաջանում, թե արդյո՞ք նախկինում նման սարքավորումներ ներկրվել են: Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը չունի: Նա հավաստիացրեց, որ իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

«Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, ապա անմիջապես կհրապարակենք», – ասաց ԱԱԾ տնօրենը։

Ինչ վերաբերում է գաղտնալսման դեպքի հետ կապված գործին, ապա Արթուր Վանեցյանն ասաց, որ քննությունը շարունակվում է: Այդ մասով շատ բան չի կարող ավելացնել, որովհետև ինքն այդ գործով անցնող անձ է և փաստաթուղթ է ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ