fbpx
Իրավական

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հուլիսի 1-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, ըստ որի՝ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում:

Ստորև ներկայացնում ենք նախագիծը ամբողջությամբ։։

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի գնահատումը

Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ նաև ՀՀ) հակակոռուպցիոն նոր ռազմավարության առաջնայնություններն ու խնդիրները նախանշելու, ՀՀ հակակոռուպցիոն մարմինների նոր ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու ուղղությունները որոշակիացնելու, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ կառավարության ծրագրային քաղաքականության կենսագործման նպատակների իրականացման համար էականորեն կարևորվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի արդյունքների գնահատումը: Նման գնահատման կարևորությունն ընդգծվում է նաև այն տեսանկյունից, որ այն հնարավորություն է տալիս համարժեքորեն գնահատել նախկին ռազմավարությամբ ձեռք բերված արդյունքները, թույլ տրված բացթողումները և լավագույն փորձի հաշվառմամբ ուրվագծել նախանշվող միջոցառումների ցանկը:

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի 24-րդ կետն ուղղակիորեն ազդարարում էր, որ հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներն իրագործելու միջոցով Հայաստանում կոռուպցիայի պրոգրեսիվ և հետևողական նվազեցմանը նպաստելն է (…): Այսուհանդերձ, ռազմավարությունն ինչպես խմբագրական, այնպես էլ բովանդակային չափանիշներով համարժեքորեն չէր տեղայնացնում իր իսկ հռչակած խնդիր-նպատակները:

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի թերություններից մեկը դրա ընթացիկ մոնիթորինգի կառուցակարգի բացակայությունն է: Վերջինիս գործողության 4 տարիների ընթացքում թեև պատասխանատու պետական մարմինները պարբերաբար ներկայացրել են հաշվետվություններ իրենց կողմից իրականացված հակակոռուպցիոն միջոցառումների վերաբերյալ, սակայն հստակ ցուցիչների բացակայության պայմաններում այդ հաշվետվությունների համապարփակ ուսումնասիրություն և միջոցառումների իրականացման մակարդակի պարբերական գնահատում հնարավոր չի եղել ապահովել: Բնական է, որ նշված բովանդակային գնահատման գործիքների բացակայությունը հանգեցրել է ռազմավարությամբ ընդգրկվող միջոցառումների մի զգալի հատվածի ոչ պատշաճ կամ ձևականորեն կատարմանը:

Ասվածին գումարվում է այն, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների արդյունքների վերաբերյալ վերլուծություններ ևս չեն իրականացվել՝ պարզելու համար միջոցառումների ծրագրում ներառված այս կամ այն միջոցառման դրական կամ բացասական ազդեցության աստիճանը, արդյունավետության մակարդակը: Ընթացիկ միջոցառումների արդյունավետությունը բացահայտող նման գործիքների բացակայությունն հակակոռուպցիոն ռազմավարության իրացման ամբողջ գործընթացը դարձնում էր խիստ ձևական՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Ավելորդ չէ հիշատակել նաև այն, որ նշված ռազմավարությամբ նախատեսվել էին հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման չորս ոլորտ՝ առողջապահություն, կրթություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցում: Հիշյալ իմաստով խիստ խոցելի էին ոլորտների նման դասակարգման իրավական և գաղափարական չափորոշիչները: Բացի այդ, նման սահմանափակումները սկզբունքորեն անհարկի նեղացնում էին ռազմավարության կիրառման և գործողության շրջանակները՝ ինքնաբերաբար բացառելով այլ ոլորտների հակակոռուպցիոն ուղղվածությամբ չափանիշավորումը:

Բացի այդ, պետք է շեշտադրել նաև այն, որ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների շրջանակներում համարժեքորեն զատորոշված չէր հակակոռուպցիոն քաղաքականության իրացման ինստիտուցիոնալ մարմինների համակարգը, սահմանված չէր հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշակի մասնագիտացված մարմնի առկայության պարտադիր պահանջ, որի հետևանքով կոռուպցիայի դեմ պետության կողմից վարվող քաղաքականությունն իրականում տարրալուծվում էր բազմաթիվ պետական մարմինների գործառութային իրավասության զանազան տիրույթներում՝ կորցնելով համակարգայնության և միասնականության հատկանիշները: Սա իր հերթին հանգեցնում էր կոռուպցիայի դեմ ապարդյուն պայքար մղելուն: Բացի այդ, նման տարբերակման պայմաններում օբյեկտիվորեն չէր ապահովվում կոռուպցիոն բնույթի հանցանքների քննության համարժեք մակարդակ՝ որոշակիորեն խաթարելով նաև քննչական պրակտիկայի միասնականությունը:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որևէ էական արդյունք չարձանագրեց հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման և համակարգման, կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու տեսանկյունից՝ կրելով ձևական բնույթ: Այն ըստ էության, հընթացս անուղղակի փաստեց, որ դրա ստեղծումը կոռուպցիայի դեմ պայքարի հռչակագրային բաղադրիչից անդին այլ գործնական նպատակ չի հետապնդում:
Ասվածին գումարվում է նաև այն, որ վերը նշված ռազմավարության մեջ ներառված բոլոր միջոցառումները չէ, որ իրենց ձևակերպմամբ ու բովանդակությամբ համապատասխանում էին խնդիր-լուծում-ակնկալվող արդյունք եռամիասնականության շղթայի էությանը:

Բացթողումների ու թերությունների շարքն, ինչ խոսք, կարելի է շարունակել: Բայցևայնպես, անհրաժեշտ է արձանագրել և ի գիտություն ընդունել նաև վերը նշված ռազմավարության դրական կողմերը: Դրական կողմերի մասին փաստեր արձանագրելուց առաջ պետք է անպայմանորեն նկատել, որ դրանք գերազանցապես վերաբերում են օրենսդրական փոփոխությունների տիրույթին, որպիսիք էականորեն չեն ազդել հանրության շրջանում առկա այն գաղափարի արմատավորմանը, որ պետությունը համակարգային ու հետևողական պայքար է մղում կոռուպցիայի դեմ: Պետության կողմից կոռուպցիայի դեմ համակարգային ու հետևողական պայքար մղելու գաղափարի հանրային արմատավորման բացակայությունից զատ հստակ և տեսանելի չէին կոռուպցիայի դեմ պայքարի իրատեսական միջոցառումներ ձեռնարկելու քայլերը, ինչը հանգեցրել էր կոռուպցիայի դեպ պայքարի երևութական լինելուն: Սա հատկապես վառ է արտահայտվում ոլորտին վերաբերելի իրավական ակտեր ընդունելու համատեքստում, որոնք արտաքուստ ստեղծում էին կոռուպցիայի դեմ պայքար մղելու պատրանք, սակայն տևական ժամանակահատվածի ընթացքում իրավական նորմերով սահմանված պարտադիր պահանջները այդպես էլ իրենց պրակտիկ կիրառություն չստացան:

Նախորդ ռազմավարության արդյունքների մասին խոսելիս, որպես դրական քայլեր անհրաժեշտ է առանձնացնել ստորև նշվածները՝
2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն Հայաստանում նախատեսվում էր ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին:
2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որով ամբողջությամբ վերանայվել է հանրային ծառայության համակարգը, բարեփոխվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն տարրեր հանդիսացող հայտարարագրման, շահերի բախման, անհամատեղելության պահանջների, այլ սահմանափակումների, բարեվարքության կառուցակարգերը:
2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որի պահանջների գործնական իրացման արդյունքում քաղաքացիական ծառայության համակարգը կդառնա առավել արժանիքահեն և մրցունակ:

Նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 1134-Ն որոշումը (ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1146-Ն որոշմամբ), որով ստեղծվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք (e-draft.am): Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համահունչ` ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշմամբ սահմանվել է հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման նոր կարգը՝ հիմքում ունենալով հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքները:

Պետական կառավարման համակարգի թափանցիկության ապահովման, վարչարարության պարզեցման նպատակով ներդրվել են կամ ներդրման փուլում են Էլեկտրոնային ժողովրդավարության (e-democracy) մի շարք առանձին գործիքներ (օրինակ՝ e-request.am, e-hotline.am, e-license.am և այլն):
2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, որի արդյունքում քրեականացվել է ապօրինի հարստացումը և սահմանվել է քննչական ենթակայությունը:
2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքներով քրեական և վարչական պատասխանատվություն է սահմանվել համապատասխանաբար հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, և հայտարարագրերը սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:

2017 թվականի հունիսի 9-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթի շրջանակներում սահմանվել են ազդարարների պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև գործուն կառուցակարգերի ներդրման դրույթներ (անանուն հաղորդում ներկայացնելու մեխանիզմ)՝ նպատակ հետապնդելով նպաստել հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կոռուպցիոն դեպքեր բացահայտող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Միևնույն ժամանակ, վերը նշված օրենքի կենսագործումն ապահովելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարության 2018 թվականիմարտի 15-ի N 272-Ն և 2018 թվականի ապրիլի 12-ի N 439-Ն որոշումներով համապատասխանաբար հաստատվել են «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը» և «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը»:

Ընթացիկ իրավիճակի գնահատումը և կոռուպցիայի ընկալումը հասարակության շրջանում

Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման չորրորդ փուլը համընկել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ[1]) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 4-րդ փուլի գնահատման ժամանակահատվածի հետ:

Այս առումով, հարկ է նշել, որ ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 4-րդ փուլի գնահատման «Հայաստանի վերաբերյալ» զեկույցով (այսուհետ՝ Զեկույց)[2] արձանագրվել են մի շարք նկատառումներ, որոնց սույն Ռազմավարության շրջանակներում անհրաժեշտ է անդրադարձ կատարել՝ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ առավել խորքային պատկերացում կազմելու նպատակով:
Այսպես, Զեկույցով նշվում է, որ վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանը բարեփոխել է իր հակակոռուպցիոն օրենսդրությունն ու ինստիտուտները, սակայն համատարած կոռուպցիայի հաղթահարմանն առնչվող իրական լուծում դեռևս առկա չէ:

Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանն ընդունել է քաղաքացիական ծառայության և քաղաքացիական ծառայության բարեվարքության համապարփակ իրավական շրջանակ, այդ թվում՝ էթիկայի և շահերի բախման հարցերին առնչվող իրավական կարգավորումներ, քրեականացրել է ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը և ապօրինի հարստացումը, նախաձեռնել է ազդարարների պաշտպանության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքները, լրամշակվել է գույքի հայտարարագրմանն ու պետական գնումներին առնչվող իրավական կարգավորումները։ Հայաստանը նաև ներդրել է էլեկտրոնային կառավարման տարբեր գործիքներ ու ծառայություններ, գույքի հայտարարագրերի հրապարակման և ստուգման, ինչպես նաև՝ ընդլայնված էլեկտրոնային գնումների համակարգ։ Գործարար միջավայրում իրականացված որոշ բարելավումներ և մանր կոռուպցիայի ընկալելի մակարդակի աննշան նվազեցումը հնարավոր է եղել ապահովել կանոնակարգերի պարզեցման և էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման արդյունքում։

Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ վերոնշյալ քայլերը, այդուհանդերձ, միայն սահմանափակ ազդեցություն են ունեցել, և կոռուպցիան շարունակում է էական խնդիր մնալ պետական կառավարման այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են՝ դատական իշխանությունը, հարկային և մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական ոլորտները և իրավապահ համակարգը։

Զեկույցով նաև նշվում է, որ մենաշնորհային տնտեսության և պետական պաշտոնատար անձանց շրջանում համատարած շահերի բախման համատեքստում հակակոռուպցիոն օրենքների գործնական իրավակիրառության բացը շարունակում է լուրջ մտահոգության առարկա մնալ։
Երկրում իրադրության փոփոխության լույսի ներքո ընթացիկ իրավիճակի գնահատման առումով՝ Զեկույցում մատնանշվել է, որ վերջին հեղափոխությունը ժողովրդավարության հարցում փոփոխությունների մեծ հույս է տվել, և վստահության մթնոլորտ ձևավորել նոր իշխանության նկատմամբ՝ լայն թափ հաղորդելով փոփոխություններին։

Զեկույցով ՏՀԶԿ-ն Հայաստանին հորդորում է ձեռնարկել հստակ միջոցառումներ՝ ՀՀ Կառավարությունում և ՀՀ Ազգային ժողովում գոյություն ունեցող շահերի բախման դեմ, ապահովել դատական և դատախազության համակարգերի անկախությունն ու բարեվարքությունը, և ավելի շատ ջանքեր գործադրել՝ հասարակական լայն արձագանք ստացած կոռուպցիոն դեպքերը բացահայտելու, դրանք քննելու և այդ գործերով հետապնդում իրականացնելու ուղղությամբ՝ կիրառելով տեղեկատվական և վերլուծական գործիքների տարբեր աղբյուրներ։

Խոսելով ընթացիկ իրավիճակի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների արձագանքների մասին՝ հարկ է արձանագրել, որ Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի այսուհետ՝ ԳՐԵԿՈ «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների, դատախազների շրջանում» գնահատման 4-րդ փուլի` ՀՀ կողմից պարտավորությունների կատարման վերաբերյալ 2017 թվականի զեկույցը այսուհետ՝ ԳՐԵԿՈ զեկույց[3] նույնպես անդրադարձ է կատարել գնահատման ենթակա ոլորտներում առկա իրավիճակին, այդ թվում՝ պետության ձեռնարկած քայլերին և բացթողումներին:
Այսպես, պատգամավորների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն նշել է, որ Խորհրդարանում օրենսդրական գործընթացի թափանցիկության և անհամատեղելիության վերաբերյալ չափանիշներ կիրառելու միջոցների մասով Հայաստանը գրանցել է առաջընթաց: Այդուհանդերձ, անհրաժեշտ է ձեռնարկել հետագա քայլեր՝ ուղղված պատգամավորների համար վարքագծի կանոնագրքի մշակմանը, էթիկայի նորմերին և չափանիշներին պատգամավորների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար նախատեսված մեխանիզմները ամրապնդելուն:

Դատավորներին անդրադառնալով՝ ԳՐԵԿՈ-ն ողջունել է սահմանադրական փոփոխությունների իրականացումը և արձանագրել, որ, Բարձրագույն դատական խորհրդի ստեղծմամբ բարեփոխվել է դատական իշխանության ինքնակառավարման համակարգը: Ավելին, դատավորների անձեռնմխելիությունը սահմանափակվել է «գործառույթների իրականացման հետ կապված անձեռնմխելիությամբ»: Դատավորների պաշտոնների համալրման, առաջխաղացման և պաշտոնից ազատման և դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու ընթացակարգերի մասով գրանցվել է որոշակի առաջընթաց: Այդուհանդերձ, ԳՐԵԿՈ-ն առաջարկել է քայլեր ձեռնարկել դատավորների մասնագիտական վերապատրաստման և խորհրդատվության, դատավորների գործունեությանն անհարկի միջամտությունը բացառող արդյունավետ կանոնների սահմանման, ինչպես նաև դատավորների վրա ներգործելու կամ նրանց նկատմամբ հաշվեհարդար իրականացնելու նպատակով կարգապահական վարույթ հարուցելը կանխելու մասով երաշխիքներ ապահովելու ուղղությամբ:

Դատախազների առնչությամբ ԳՐԵԿՈ-ն ողջունել է «Դատախազության մասին» օրենքի ընդունումը՝ միաժամանակ նշելով, որ կարևոր քայլեր են ձեռնարկվել դատախազների համալրման ընթացակարգերը և դատախազների էթիկայի հանձնաժողովի աշխատանքը բարելավելու նպատակով: ԳՐԵԿՈ-ն զեկույցով առաջարկվել է առավել մեծ թվով միջոցառումներ իրականացնել՝ պարտադիր մասնագիտական վերապատրաստման և գաղտնի խորհրդատվության տրամադրման համակարգ ներմուծելու ուղղությամբ:
Կոռուպցիայի իրավիճակային վերլուծությունների առումով կարևորվում է նաև սոցիալական հարցումների միջոցով քաղաքացիների կարծիքների վերհանումը կոռուպցիայի ընկալման, ոլորտում իրականացված միջոցառումների արդյունավետության և ազդեցության, հետհեղափոխական ինստիտուտների գործունեության վերաբերալ։ Ասվածի կարևորությունը փաստվում է այն իրողության հաշվառմամբ, որ ցանկացած բարեփոխման հասցեատերը վերջին հաշվով անհատն է, ում ընկալումն իրականացվող գործընթացների վերաբերյալ ունի անկյունաքարային նշանակություն:

Կոռուպցիայի ընկալման մասին խոսելիս նախևառաջ պետք է վերլուծել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի գրանցած արդյունքները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխության առումով։ Այսպես, քննարկվող ժամանակահատվածում համաթվի հաշվարկման համար անհրաժեշտ միավորը գրեթե եղել է կայուն՝ տատանվելով 33-35 միավորների միջև։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ կոռուպցիայի ընկալումը երկրում բավականին բարձր է:
2019 թվականի հունվարի 29-ին հրապարակված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2018 թվականի արդյունքներով[4] արձանագրվեց, որ Հայաստանի միավորը 2017 թվականի համեմատությամբ չի փոփոխվել[5]։ Միաժամանակ, ԹԻ-ը հատուկ անդրադարձ է կատարել այն հանգամանքին, որ տարածաշրջանային երկրների քաղաքական ընդհանուր պատկերի համատեքստում միայն Հայաստանում է նկատվում դրական միտում՝ նոր կառավարության ձևավորման լույսի ներքո: Այնուամենայնիվ, չնայած կոռուպցիայի բարձր ընկալմանը՝ հետազոտությունները վկայում են, որ սակավաթիվ քաղաքացիներ են կոռուպցիայի բախվելիս պատրաստ այդ մասին ազդարարել: Օրինակ, Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի շրջանակներում իրականացված հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանի քաղաքացիները հակված չեն ազդարարել կոռուպցիոն բնույթի դեպքերի մասին[6]:

Այս հանգամանքը հաստատվել է նաև ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավի ընթացքում իրականացված հարցման արդյունքներով: Մասնավորապես, հետազոտությանը մասնակցածների5 %-ը պատասխանել է, որ տեղյակ չէ ազդարարման ինստիտուտի մասին, 57%-ը դրական է վերաբերում կոռուպցիայի մասին ազդարարելուն, եթե այդ մասին այլ մարդիկ ազդարարեն, 25%-ը առհասարակ նման քայլի չի գնա՝ մտածելով, որ շրջապատում իրեն չեն հասկանա, իսկ հարցվածների 7%-ը չի ազդարարի՝ համարելով, որ դրանից ոչ մի բան չի փոխվի, 1.5% տոկոսն էլ նման է քայլն իր սկզբունքներին դեմ է համարում և միայն 9%-ն է պատրաստ ինքն ազդարարել նման դեպքի մասին:

Հետազոտության նման արդյունքները փաստում են հանրության՝ կոռուպցիայի դեմ պայքարում իր մասնակցության կարևորությունը ամբողջական ծավալով չգիտակցելը: Ուստի, սույն Ռազմավարության ընդհանրական թիրախը պետք է լինի այս առումով քաղաքացիների իրավագիտակցության հետևողական բարձրացումը, և վերջիններիս հակակոռուպցիոն պայքարի պահանջատեր դարձնելը։

Իրավիճակի վերլուծության առումով առավել համապարփակ պատկերացում կազմելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել նաև քաղաքացիների հետհեղափոխական ընկալումները։
Այսպես, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 15-ը[7] և հոկտեմբերի 9-ից 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված հարցումների[8] արդյունքները վկայում են այն մասին, որ հարցվածները երկրում ժողովրդավարության վերջնական հաստատումը հիմնականում պայմանավորում են կոռուպցիայի վերացման հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու տեսանկյունից հարցման ենթարկվածները կարևորել են անպատժելիության բացառումը, գողացված ակտիվների վերադարձը և դրանց նպատակային օգտագործումը։

Միաժամանակ, հարցման ենթարկվածները որպես առավել կոռումպացված կառույցներ՝ մատնանշել են բանակը, ոստիկանության, դատական և կրթական համակարգերը, իսկ որպես կոռուպցիայի տարածված դրսևորում՝ հովանավորչությունը և աշխատանքի տեղավորման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը։
Հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության վարած հակակոռուպցիոն քաղաքականության մասին խոսելիս քաղաքացիները հիմնականում նշել են, որ բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի առումով իշխանությունն արդեն իսկ գրանցել է բավականին լուրջ առաջընթաց, ցուցաբերել է քաղաքական հստակ կամք, այդուհանդերձ, անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել նաև տեղական և համայնքային մակարդակներում նմանատիպ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։
Հարցման մասնակիցները նշել են, որ կողջունեին ՀՀ կառավարության կողմից կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ հանրային իրազեկման և կոռուպցիոն գործերի բացահայտման գործընթացում թափանցիկության ապահովումը։

Հարցման արդյունքների վերլուծությամբ կարելի է արձանագրել, որ հարցվածների կողմից նշված առաջնահերթությունները հիմնականում համընկնում են ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների հետ։

Ակներև է, որ սույն Ռազմավարության շրջանակում ներառված միջոցառումներն իրենց գաղափարական ուղղվածությամբ և հենքով անպայմանորեն պետք է արտացոլեն վերը հիշատակված գաղափարներն ու մտայնությունները: Այլապես, ուղղակիորեն կխախտվի քաղաքացի-կառավարություն հետադարձ կարևոր կապը: Այս իմաստով սույն ռազմավարությունը պետք է հանդիսանա քաղաքացի-պետություն համաձայնեցված և փոխպայմանավորված կամքի արդյունք, որի ապահովման գործում առանցքային տեղ է վերապահված նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները և գնահատումները

2015-2018 թվականների հաշվետու ժամանակահատվածը հակակոռուպցիոն ոլորտում միջազգային համագործակցության տեսանկյունից աչքի է ընկել առանձնակի ակտիվությամբ: 2005թ. ՀՀ-ը ստորագրել է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան, որը 2006 թ. վավերացվել է ՀՀ ԱԺ-ի կողմից, իսկ կոնվենցիայի դրույթները ՀՀ համար ուժի մեջ են մտել 2007թ. ապրիլի 7-ին[9]:

2004 թ. հունվարին Հայաստանն անդամակցել է Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբին՝ ԿԴՊՊԽ-ին (GRECO): 2017 թվականի դեկտեմբերին, ԿԴՊՊԽ-ի հերթական լիագումար նիստում ընդունվել է ՀՀ վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության «Կոռուպցիայի կանխարգելումը ազգային ժողովի պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» թեմայով զեկույցը, որի արդյունքում Հայաստանին տրված 18 հանձնարարականներից 17-ով գրանցվել է առաջընթաց: Մասնավորապես, զեկույցում արձանագրվել է, որ բավարար ձևով իրականացրել է 18 առաջարկություններից 5-ը, մնացածների 12-ը մասնակի են կատարվել և մեկը չի կատարվել:

Հայաստանը 2003թ.-ից ներգրավված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրում: 2014 թվականի հոկտեմբերից մեկնարկել էր ՏՀԶԿ մոնիթորինգի 4-րդ փուլը, որն ավարտվել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 4-րդ փուլի արդյունքների վերաբերյալ զեկույցի հրապարակմամբ: Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է, որ տվյալ փուլում գնահատվող Հայաստանին ներկայացված 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի: Արդյունքում, Հայաստանին ներկայացվել է 24 ընդհանուր բնույթի և ևս 5 բարձրագույն կրթության ոլորտին վերաբերող հանձնարարական: Հատկանշական է, որ ընդհանուր հանձնարարականները վերաբերում են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիայի քրեականացմանը:

2004 թվականի համապատասխանաբար հունիս և դեկտեմբեր ամիսներին Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիաները:
Եվրոպական հարևանության քաղաքականության (այսուհետ՝ նաև ԵՀՔ) շրջանակներում Եվրոպական միությունն ու Հայաստանը 2006 թ. վավերացրել են գործողությունների ծրագիր, որում կոռուպցիայի դեմ պայքարը ներառված է որպես գերակա ոլորտ:

2011 թվականին Հայաստանը միացել է Բաց կառավարման համագործակցությանը, որի հիմնական առաքելությունն է ՝ անդամ երկրներում թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարման ապահովումը: Հայաստանը, միանալով այս նախաձեռնությանը, ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց շարքում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը: ԲԿԳ շրջանակներում ընդունվել են 4 գործողությունների ծրագրեր՝ 2012-2014, 2014-2016, 2016-2018, 2018-2020 թվականների համար:

Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության դերը, ինչպես նաև գիտակցելով միջազգային մասնագիտացված կառույցների կողմից ներկայացված առաջարկությունների կատարման արդյունքում ոլորտի օրենսդրական և կառուցակարգային զարգացումը՝ սույն Ռազմավարությամբ և միջոցառումների ծրագրով նախատեսված ուղղությունները, գործողությունները բխում են նաև վերոնշյալ կազմակերպություններին անդամակցության և վերջիններիս գնահատումների արդյունքում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 Հակակոռուպցիոն ռազմավարության հետապնդած առանցքային նպատակները և առաջադրված հիմնական խնդիրները

Հակակոռուպցիոնռազմավարության հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումն է բոլոր անհրաժեշտ ուղղություններով:

Հիշյալ նպատակին հասնելու համար առաջադրվել են այնպիսի խնդիրներ (վերջնական կամ միջանկյալ արդյունքներ), ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծումը և զարգացումը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցումը, հանրային վերահսկողության ապահովման նպատակով թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրումը: Ռազմավարությունը նպատակ ունի նաև իրավական և գործնական արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ բարձրացնելու կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետությունը և այլն: Հատկանշական է, որ ռազմավարությունը կազմելիս առավելագույն չափով հաշվի են առնվել նաև 2013 թ. հոկտեմբերի 21-22-ի հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությամբ սահմանված ուղենիշային պահանջներն ու իրավագաղափարական ելակետերը, որոնք, անշուշտ, ունեն չափազանց կարևոր նշանակություն նշված ծրագրային փաստաթղթերի կազմման հարցում:
Առանձին ուշադրություն է դարձվել նաև ՀՀ Կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին հավանություն տալու մասին» թիվ 42 արձանագրային որոշմամբ սահմանված պահանջներին: Մասնավորապես, հաշվի է առնվել այն հայեցակարգային պահանջը, որ ռազմավարական փաստաթղթերը պետք է պարունակեն փաստաթղթում նշված նպատակին հասնելու համար ճանապարհների, գործողությունների կամ միջոցառումների նկարագրությունը` հիմնավորելով այդ գործողությունների հստակ կապն ակնկալվող արդյունքների հետ:

Ռազմավարությունը, որպես առաջադրված խնդիր, նախատեսում է նաև՝
հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերափոխումը և զարգացումը.
վարչական կոռուպցիայի հաղթահարումը՝ ոլորտային կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց նվազեցման, էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների ներդրման ու շարունակական կատարելագործման միջոցով.
հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը՝ հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ապահովման համապատասխան կառուցակարգերի ներդրմամբ.
տարբեր ոլորտների իրավական կարգավորումների պարզեցումը և հստակեցումը, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի դերի բարձրացումը. բիզնեսի և քաղաքականության տարանջատման հստակ սահմանների ապահովումը, տնտեսական գործունեության ազատության ու ազատ տնտեսական մրցակցության ապահովումը և երաշխավորումը.
կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի իրացման երաշխավորումը, օրենսդրության շարունակական կատարելագործումը, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկի օրենքով սահմանման միջոցով.
ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն ուղղված կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, միջազգային չափանիշներին դրանք համապատասխանության ապահովումը, միջազգային համագործակցության ամրապնդումը.
հանրային կրթության և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանումը, ներառյալ՝ ազդարարման ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքի փոփոխման միջոցով, պահանջատեր քաղաքացու ձևավորումը.
մոնիթորինգի արդյունավետ մեխանիզմի արդյունքում՝ ժամանակավրեպ միջոցառումների արդիականացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը:
Ռազմավարությամբ առաջադրված խնդիրներն իրականացվելու են այլ ռազմավարություններով, այդ թվում՝ դատա-իրավական, ընտրական, առաջադրված միջոցառումների հետ համարժեք համադրելիությամբ՝ բացառելով դրանց միջև ժամանակային և բովանդակային խզումների առաջացումը:
Որպես Ռազմավարության հաջողման գրավական՝ ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը Ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով առաջադրված խնդիրների և մարտահրավերների հաղթահարման գործում:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն Ռազմավարությամբ սահմանվում են այն ելակետային ու հիմնարար ուղղությունները, որոնք վճռորոշ պետք է լինեն 2019-2022թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունքում կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են՝
կոռուպցիայի կանխարգելումը,
կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը,
հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:
Այդուհանդերձ, տվյալ երեք ուղղություններին անդրադառնալիս անհրաժեշտ է նախևառաջ հստակ ձևակերպել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի տեսլականը: Ուստի, սույն գլխում նախ անդրադարձ կկատարվի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին և ապա՝ ռազմավարական ուղղություններին:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ

Նոր իրողությունները փաստեցին, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անհրաժեշտ և բավարար քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում էական արդյունք արձանագրելու հարցում: Այդուհանդերձ, քաղաքական կամքին զուգընթաց կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարի համակարգված իրականացումը: Այս առումով հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկը կայացած հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունն է:
Ինստիտուցիոնալ համակարգի ընդհանրական պատկեր ունենալու տեսանկյունից անհրաժեշտ է ապահովել կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ անկախության երաշխիքների սահմանումը և ապահովումը, համապատասխան կառուցակարգերի ներդրումը կամ զարգացումը, համագործակցության ամրապնդումը: Վերոնշյալի համատեքստում առաջարկվում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հետևյալ՝ առանձնացված մոդելի տեսլականը՝ վերջինիս արդարացման դեպքում ունիվերսալ մոդելին անցում կատարելու հնարավոր հեռանկարներով:
Նախորդ ռազմավարության արդյունքում օրենսդրական մակարդակով քայլեր էին ձեռնարկվել հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, 2017 թվականի հունիսի 9-ին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով Հայաստանում նախատեսվում էր ստեղծել անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին: Այդուհանդերձ, Հանձնաժողովը մինչ օրս չի ստեղծվել: Հանձնաժողովի չստեղծման հիմնական պատճառը կազմավորման կարգի կառուցակարգերի խրթին և թերի ձևակերպումն էր:
Մասնավորապես, վերը նշված օրենքի 11-րդ և 13-րդ հոդվածները սահմանում էին, որ Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Ընտրության մրցույթն իրականացվում է երեք փուլով՝ դիմումների ընտրություն, գրավոր քննություններ և հարցազրույցներ։ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին, Հանրային խորհրդին և Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից մեկական թեկնածու առաջադրելու համար։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ (կոնսենսուսով): Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։
Խորհրդի անդամների ընտրության չափանիշներն ու ընթացակարգը օրենքով սահմանված չեն։ Գործնականում մրցութային խորհուրդը, թեև ժամկետի խախտմամբ, բայց ստեղծվել էր: Խորհրդի անդամների փաստմամբ թեկնածուների մրցույթը մինչ օրս տեղի չի ունեցել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորհրդի գործառույթները բավականին ծավալուն էին, և պրակտիկորեն անհնար էր դրանք իրագործել 45-օրյա ժամկետում: Բացի այդ, վերը նշված օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի առնվազն չորս անդամի մասնակցության դեպքում, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորհրդի գործունեության ժամանակահատվածը համընկել է ընտրությունների հետ, նիստերը հիմնականում իրավազոր չեն եղել:
Վերոգրյալի համատեքստում սույն Ռազմավարությամբ կարևորվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմավորման ուղղությամբ հրատապ քայլերի ձեռնարկումը: Ընդ որում՝ ֆունկցիոնալ արդյունավետության ապահովման տեսանկյունից առաջարկվում է զգալիորեն ընդլայնել Հանձնաժողովի գործառույթները՝ առկա 5-ի փոխարեն վերջինիս վերապահելով կոռուպցիայի կանխարգելմանը և հակակոռուպցիոն կրթության ապահովմանն ուղղված 13 գործառույթ:
Այսպես, օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օրենքով վերապահված գործառույթներից զատ անհրաժեշտ է վերապահել հետևյալ գործառույթները.
իրավական ակտերի և դրանց նախագծերի հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման իրականացումը.
հակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի իրականացումը.
հակակոռուպցիոն կրթական գործառույթների իրականացումը և համակարգումը.
հակակոռուպցիոն ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու դրանց համակարգումը.
պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնների սահմանումը,
հանրային ծառայողների՝ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնների սահմանումը.
պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց՝ նախորդ օրացուցային տարում ստացված գրանցված նվերների կանոնների պահպանման միասնականության ապահովումը.
նշանակման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը) ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) ստուգելը և, ըստ այդմ, նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելը.
բարեվարքության հարցերով կազմակերպիչների աշխատանքների համակարգումը:
Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի երկրորդ կարևոր բաղադրատարրը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով օժտված, մասնագիտացված մարմնի առկայությունն է:
Ներկայումս ՀՀ-ում քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Նշվածից հետևում է, որ կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը հիմնականում վերապահված է մեկ մարմնի: Միջազգային գործընկեր կազմակերպությունները իրենց հերթին բազմիցս բարձրացրել են նշված հարցը՝ պնդելով, որ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է: Այս առումով, Ռազմավարությամբ սահմանված հաշվետու ժամանակահատվածում կստեղծվի մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմին, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:
Վերոնշյալի կատարման ապահովման տեսանկյունից առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ հետևյալ մոդելով.
Քննչական կոմիտեի Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունը վերակազմակերպել՝ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները և գործիքակազմը փոխանցելով Հակակոռուպցիոն կոմիտեին.
Ոստիկանության կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար նախատեսված հաստիքները և գործիքակազմը տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեին.
Պետական եկամուտների կոմիտեի կոռուպցիոն հանցագործություններով նախաքննության իրականացման համար նախատեսված հաստիքները և գործիքակազմը տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեին.
Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը տրամադրել Հակակոռուպցիոն կոմիտեին.
Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության և Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության գործառույթները համապատասխան հաստիքներով և գործիքակազմով փոխանցել Քննչական կոմիտեին.
Սահմանել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և քննությանը չառնչվող գործառույթները վերապահել Քննչական կոմիտեին:
Հակակոռուպցիոն մարմինների կազմավորման միջազգային չափանիշների համատեքստում անհրաժեշտ է վերանայել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմի ընտրության/նշանակման կարգը՝ սահմանելով տվյալ մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության մակարդակը էականորեն բարձրացնող կարգավորումներ:
9) Առաջարկվում է ընթացիկ գործնական քայլերի ձեռնարկման միջոցով ապահովել Հակակոռուպցիոն կոմիտեի տարածքային մարմինների աստիճանական ձևավորումը:

Առաջարկվող մարմնի գործունեության արդյունավետության ապահովման տեսանկյունից անժխտելի է Հակակոռուպցիոն կոմիտեին անկախության անհրաժեշտ երաշխիքներով օժտելու հրամայականը:
Այս առումով, ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ քննչական մարմինների, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի թեկնածուներն ընտրվելու են մրցութային խորհրդի կողմից՝ բաց մրցույթի արդյունքում: Հավասարակշռված ներկայացուցչություն ապահովելու նպատակով՝ մրցութային խորհուրդը կազմված է լինելու Ազգային ժողովի (կառավարող և ընդդիմադիր խմբակցություններ), Կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած անդամներից: Միաժամանակ մրցութային խորհրդի նիստերը լինելու են բաց զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար և տեսաձայնագրվելու են:Մրցութային խորհրդի կողմից ներկայացված՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն նշանակվելու է վարչապետի կողմից:

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով օրենքով սահմանվելու են վերջինիս գործունեությունը մոտիվացնող կառուցակարգեր:

Հակակոռուպցիոն կոմիտեն օժտված է լինելու նաև ֆինանսական ինքնուրույնությամբ և հաշվետու է լինելու Վարչապետին և Ազգային ժողովին:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության ամբողջական պատկերի ուրվագծման առումով անհրաժեշտ է զարգացնել դատախազական մասնագիտացումը: Այս առումով, առաջարկվում է ամրապնդել ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանման մասնագիտացումը:

Կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորության դիտարկումը, որոնք պետք է օգտվեն բավարար մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներից, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի և արդյունավետ լուծմանը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը մի նոր հարթակի վրա կարող է բարձրացնել կոռուպցիայի դեմ իրացվող պայքարի արդյունավետության աստիճանը` խթանելով դրա առաջանցիկ զարգացումը:

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կարգավիճակի վերաիմաստավորման ուղղությամբ, որպեսզի ապահովվի նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության կատարելագործումը և դրա արդյունավետության բարձրացումը:

Կոռուպցիայի կանխարգելում

Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու տեսանկյունից կարևորվում է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենսդրական դաշտի վերանայումը, արդի մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, կոռուպցիոն ռիսկերի զրոյացմանն ուղղված արդյունավետ կառուցակարգերի ներդրումը, դրանց գործնականում ապահովումը:
Այս առումով, Ռազմավարությունը կոռուպցիայի կանխարգելումն իրականացնելու է հետևյալ ենթաուղղություններով.
Վարչական կոռուպցիայի հաղթահարում.
Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդում.
Հայտարարագրում.
Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում.

Վարչական կոռուպցիայի հաղթահարում

Կոռուպցիոն երևույթների առաջացումը պայմանավորող գործոնների թվում ծանրակշիռ դիրք է զբաղեցնում նաև հանրային կառավարման համակարգում առանձին դեպքերում հանդիպող խրթին ենթակառուցվածքների, բարդ ու խճճված գործընթացների, բյուրոկրատական քաշքշուկների առկայությունը:

Միտում ունենալով հնարավորին հաղթահարել վարչական կոռուպցիան՝ առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերը կառավարել հանրային կառավարման համակարգը կազմող մարմիններում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համապարփակ կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության և վերհանման միջոցով: Այս տեսանկյունից կարևորվում է ինքնագնահատման արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մարմնի կողմից ներքին հակակոռուպցիոն և բարեվարքության միջոցառումների ծրագրի մշակումը, որի կատարման վերաբերյալ ՀՀ վարչապետին և հանրությանը պարբերական կներկայացվի հաշվետվություն: Այս համատեքստում կարևորվում է պետական կառավարման այն ոլորտների (հարցերի) վերհանումը, որոնցում պաշտոնատար անձին վերապահված է ոչնչով չկաշկանդված հայեցողություն:

Հաստատված համոզմունք է, որ օրենսդրությունը հնարավորության սահմաններում պետք է զերծ լինի նման կարգավորում ենթադրող լուծումներից: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 3-6-րդ հավելվածներով նախատեսված՝ պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության և կրթության ոլորտների այն միջոցառումները, որոնք սահմանված ժամկետում չեն կատարվել, որպես առաջնահերթություն նախատեսվում են տվյալ մարմինների միջոցառումների ծրագրերում:

Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կառուցակարգեր, որոնք ինքնաբերաբար ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի զրոյացմանը, այդ թվում՝ քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակման միջոցով: Վերոգրյալի համատեքստում նախատեսվում է էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների, համակարգերի մշակում և ներդրում, դրանց վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում, ինչը կնպաստի պետական մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների անփոփոխելիության, միասնականության և ավտոմատացման ապահովմանը (էլեկտրոնային գործիքները, ի թիվս այլնի, կներառեն նաև հակակոռուպցիոն նշանակություն ունեցող այնպիսի կարևոր համակարգերի ներդրում, ինչպիսիք են Տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակը, Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը և այլն):

Էականորեն կարևորվում է նաև ազդարարման համակարգի շարունակական կաարելագործումն ու զարգացումը միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ: Այս իմաստով ակներև է, որ անհրաժեշտ է նաև հընթացս արդյունավետ մոնիտորինգի ենթարկել ազդարարման էլեկտրոնային հարթակը առաջացող տեխնիկական կամ բովանդակային խնդիրներին հրատապ լուծում տալու հրամայականով:

Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդում

Կոռուպցիայի կանխարգելման հարցում առանցքային նշանակություն ունի հանրային ծառայողի բարեվարքության նորմերին համապատասխանող հանրային կերպարի ձևավորումը, համապատասխան վերահսկողության մեխանիզմների ստեղծումը և փաստացի գործարկումը:
2018 թվականի մարտի 23-ի «Հանրային ծառայության մասին» թիվ ՀՕ-206-Ն օրենքով ներդրվել է բարեվարքության համակարգ, որը ներառում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը:

Չնայած նորմերի առկայությանը՝ փաստացի դրանց ապահովումը գրեթե հնարավոր չի եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշյալ օրենքով տվյալ դրույթների կիրառումը փաստացի պայմանավորված է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման հանգամանքով: Ուստի, բարեվարքության համակարգի կայացման առումով ևս կարևորվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անհապաղ ստեղծումը:

Բարեվարքության ապահովման կարևոր բաղադրատարրերից է պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների ընդունումը, դրանց վերաբերյալ վերապատրաստումների անցկացումը և տվյալ կանոնների պահպանման նկատմամբ շարունակական հսկողության իրականացումը: Բարեվարքության տեսանկյունից կարևորվում է քաղաքական որոշումներ կայացնողների գործունեության հրապարակայնության նվազագույն չափանիշների սահմանումը (տվյալ միջոցառումը սահմանված էր նաև նախորդ ռազմավարությամբ, սակայն գործնականում այն չի իրականացվել):

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ի թիվս այլ գործառույթների, ինչպես նշվեց, կվերապահվի նշանակման ենթակա՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը (չպահպանումը) ու կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինելը (չլինելը) ստուգելու և, ըստ այդմ, տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու գործառույթ:

Հայտարարագրում

Բարեվարքության համակարգի տրամաբանական շարունակությունն է հանդիսանում հայտարարագրման համակարգը: Կոռուպցիայի կանխարգելման գործում չափազանց կարևորվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքի անդամների գործունեության և ունեցվածքի նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման համար համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը։

Այս առումով կարևորվում է հայտարարագրման համակարգի կատարելագործումը, այդ թվում՝ հայտարարատուների շրջանակի և հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը, հայտարարագրի բովանդակության վերանայումը, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման միասնական համակարգի փաստացի ստեղծումը և գործարկումը:

Պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար առաջարկվում է ներդնել այնպիսի նոր համակարգ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք համապատասխան լիազոր մարմնին նոտարական կարգով կլիազորեն աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին:

Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում

Պրակտիկան ցույց է տվել, որ օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումների առկայությունը շատ հաճախ տարածական մեկնաբանման տեղիք է տալիս՝ ըստ այդմ առաջացնելով նորմի արդյունավետ կիրառման ռիսկեր:

Միաժամանակ, ներկայում գործող կարգավորման ազդեցության գնահատման համակարգը հնարավորություն չի տալիս վերհանելու իրավական ակտերի առկա և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ, կառուցակարգային առումով մտորելու տեղիք է տալիս:

Այս առումով, Ռազմավարությունը նախատեսում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցությանն առնչվող օրենսդրական դաշտի վերանայում, հստակ չափանիշների սահմանում, և՛ իրավական ակտերի նախագծերի, և՛ արդեն իսկ ընդունված իրավական ակտերի պարբերական գնահատում: Առաջարկվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման գործառույթի իրականացումը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ապահովելով անհրաժեշտ կարողությունների զարգացումը և համապատասխան աշխատակիցների մասնագիտացումը:

Մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացման կարևոր գործիքներից է պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։

Ռազմավարությունն այս առումով կանդրադառնա իրական սեփականատերերի հարթակի ներդրմանը և ճանապարհային քարտեզի մշակման միջոցով կնախանշվեն իրական սեփականատերերի բացահայտման առաջնային ոլորտները և համապատասխան ժամկետները:

Մասնավոր հատվածում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման տեսանկյունից կարևորվում է ազատ տնտեսական մրցակցության, տնտեսական գործունեության ազատության երաշխավորումը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը:

Այս առումով, կվերանայվի տնտեսական մրցակցության պաշտպանությանը վերաբերելի օրենսդրությունը, այդ թվում՝ վերափոխելով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթների շրջանակը, կազմավորման կարգը:

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչ է նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը:

Այս առումով, բացահայտման արդյունավետության տեսանկյունից կարևորվում է նախևառաջ կոռուպցիոն հանցագործությունների տեսակների հստակեցումը և դրանց շրջանակի օրենքով սահմանումը: Ուստի, փոփոխություն կկատարվի ՀՀ քրեական օրենսգրքում՝ առանձին հավելվածի ներքո նախատեսելով կոռուպցիոն հանցագործությունների կողմնորոշիչ ցանկը:
Կոռուպցիոն դեպքերի բացահայտման, մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման տեսանկյունից առանձնակի կարևորվում է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսումը և դրա իրացման կառուցակարգերի սահմանումը: Այս առումով, փոփոխություններ կկատարվեն ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում՝ նախատեսելով համապատասխան կառուցակարգեր:

Միաժամանակ, կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետության ապահովումը նախատեսվում է նաև կոռուպցիոն գործերի քննության մեթոդիկայի մշակման և ընդունման, և, ըստ այդմ, քրեական հետապնդման մարմինների մասնագիտացման բարձրացման միջոցով:

Ռազմավարության առաջնահերթություններից է լինելու ապօրինի ձեռքբերված գույքը և Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելուն և վերադարձված ակտիվների կառավարմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը: Այս առումով,նախատեսվում է ակտիվների վերադարձն իրականացնել in rem սկզբունքի կիրառմամբ:

Այս առումով կարևորվում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը: Վերոնշյալի նպատակով կմշակվի համապատասխան օրենսդրություն, քայլեր կձեռնարկվեն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման ուղղությամբ, կամրապնդվի միջազգային համագործակցությունը:

Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում

Թեև ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են հակակոռուպցիոն կրթական և իրազեկման տարբեր ծրագրեր, սակայն վերջիններս լայնածավալ և համակարգված բնույթ չեն կրում, բացի այդ չեն ապահովում նաև անհրաժեշտ արդյունավետություն: Իրավիճակային վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն իրականացված բարեփոխումներին և որի արդյունքում չեն օգտվում դրանցից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է իրականացրած քայլերի ինքնանպատակ դառնալուն և անարդյունավետությանը:

Չնայած այն հանգամանքին, որ հասարակության դերը այս փուլում որոշումների կայացման հարցում ներազդելու առումով առավել քան երբևէ կարևորվում է, ինչի վառ օրինակ է նաև իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածության ապահովումը, այդուհանդերձ, 2017-2018 թթ-ներին իրականացրած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարին մասնակից լինելու, աջակցելու, կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարելու պատրաստակամության առումով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: Նշյալը, ինքնին, վկայում է հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն իրավագիտակցության բացի և ցածր մակարդակի մասին, ինչը պետական մակարդակով մտորելու և գործուն քայլեր ձեռնարկելու տեղիք է տալիս:

Այս առումով առաջարկվում է շարունակական քայլեր ձեռնարկել հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համակարգային և պարբերական հակակոռուպցիոն կրթության տրամադրման հարցում: Ընդ որում, կառուցակարգային հարցերի լուծման նպատակով առաջարկվում է հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառույթը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վերջինիս համար սահմանելով կրթական ծրագրերի, ուղեցույցների, պարբերական խորհրդատվական զեկույցների մշակման և հրապարակման պարտականություն:

Ընդ որում, նշյալ վերապատրաստումների արդյունավետության բարձրացման և ինքնանպատակության բացառման նպատակով առաջարկվում է ներդնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների պարբերական գնահատման համակարգ:
Միաժամանակ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես պարտադիր առարկա հակակոռուպցիոն կրթությունը ներառելու ուղղությամբ:

Կարևորելով քաղաքացիական հասարակության դերը կոռուպցիայի դեմ պայքարում և գիտակցելով հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը՝ անհրաժեշտ է վերջիններիս համար կազմակերպել շարունակական հակակոռուպցիոն վերապատրաստումներ:
Միաժամանակ, նախատեսում է պետության կողմից հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման, ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված բարեփոխումների, ազդարարման և բողոքարկման մեխանիզմների, պետական մարմինների հետ հարաբերակցվելիս անձանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, ազդարարման համակարգի առանձնահատկությունների, տեղեկատվության ազատության երաշխիքների, հանրային ծառայողների էթիկայի կանոնների վերաբերյալ հանրության և հանրային ծառայողների տեղեկացվածության բարձրացում:

Նշյալ ուղենիշի համար առաջարկվում է մշակել և հաստատել հանրային իրազեկման արշավների իրականացման տարեկան ծրագրեր:

Աղբյուրը՝ e-draft.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ