Հարի Էդվարդ Նիլսոն III-ը, ով հայտնի է ինչպես ուղղակի Հարի Նիլսոն, ամերիկացի երգիչ և երգահան է։ Նա իր կարիերայի վերելքին է հասել 70-ականներին։ Նիլսոնի երաժշտական ոճը և երգերի տխուր զգացումը հիմք են հանդիսացել ինդի ռոք երաժիշտների հետագա սերունդների համար։
Նիլսոնը թողարկել է բազմաթիվ ալբոմներ, բայց իր ամենամեծ հաջողության հասած ալբոմը դա 7-րդ ալբոմն է, որը ունի Nilsson Schmilsson անվանումը։ Ալբոմը թողարկվել է 1971 թ., նոյեմբերին։ Ալբոմի երգերից յուրաքանչյուրը յուրովի ընդգծում է Նիլսոնի մտածելակերպն ու ճաշակը, բայց այս երկու երգերը (Coconut, Gotta Get Up) ամենաշատն են առանձնանում մյուս գործերից։
Coconut
Coconut (կոկոս) երգը կրում է հումորային բնույթ։ Երգի հերոսները չորսն են՝ պատմողը, եղբայրը, քույրը և բժիշկը։ Նիլսոնը եգում է բոլորի փոխարեն՝ ձայնը փոխելով։
Երգում նկարագրվում է մի պատմություն, որում մի կին (քույրը) ունի ստամոքսի ցավ և զանգահարում է իր բժշկին։ Բժիշկը նրան նշանակում է նույն ըմպելիքը, որը առաջացրել էր ստամոքսի ցավը: Եղբոր օգնությամբ նրանք սարքում են մի ըմպելիք, որը բաղկացած է լայմից և կոկոսից: Երբ քույրը ուշ երեկոյան զանգում է բժշկին, վերջինս վրդովվում է, որ իրեն այդ ոչ կարևոր բողոքով արթնացրել են։ Նա ծիծաղում է և խորհուրդ է տալիս կնոջը, որ նա լայմը դնի կոկոսի մեջ և միասին ըմպի (put the lime in the coconut and drink ’em both together), և վաղ առավոտյան նոր զանգահարի իրեն։
Երգը օգտագործվել է Տարանտինոյի 1992 թ. «Կատաղած Շները» (Reservoir Dogs) ֆիլմում։
Gotta Get Up
Gotta Get Up (Պետք է վեր կենալ) երգը նկարագրում է անհոգ երիտասարդ կյանքից՝ մեծ, հասուն և պատասխանատու կյանքի անցումը։
Նիլսոնը երգի բառերը հիմնել է իր՝ բանկում աշխատելու փորձի և իր ծնողների վրա։ Երգում խոսվում է պատասխանատվության և ծերանալու վախի մասին։ Նիլսոնը նկարագրում է, որ խելահեղ խնջույքից հետո՝ առավոտյան, արթնանում է և ստիպված է լինում վեր կենալ և լացելով ընդունել իրականությունը։
Երգը շատ ավելի հայտնի դարձավ հիանալի հեռուստասերիալ «Ռուսական Տիկնիկը»-ի (Russian Doll) շնորհիվ։ Երգը ամեն անգամ հնչում է, երբ սերիալի գլխավոր հերոսուհի Նադիան մահանում է և նորից վերադառնում է նույն վայրը՝ լոգարան, իր ծննդյան 36-րդ երեկույթի ժամանակ: Երգը հիանալիորեն համապատասխանում է հեռուստասերիալի այդ տեսարանին՝ իր օրհասական մթնոլորտով։
Աննա Մարտիրոսյան
