ՀՀ ԱԳՆ-ն այսօր պատասխանել է Factor.am-ի հարցադրմանը, թե արդյո՞ք հունիսի 1-ին Քիշնևում սպասվում է Ադրբեջանի հետ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և, մասնավորապես, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները:
Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ»,- Factor.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային կարծիք էր հայտնել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են հունիսի 1-ին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիր։
«Մենք հուսով ենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի: Սա պատմական պահ է, որը չպետք է բաց թողնել»,- ասել էր Աբդուլաևան։ Հիշեցնենք, որ հունիսի 1-ին գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը և Ալիևը Քիշնևում կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։