fbpx
Առողջապահություն

ՀՀ-ում շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված Սպուտնիկ լայթ պատվաստանյութը

Հայաստանում առաջիկայում արդեն շրջանառության մեջ կդրվի երկրում արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որը կկիրառվի որպես երրորդ, այսինքն՝ խթանիչ դեղաչափ:

Այս մասին դեկտեմբերի 6-ին «Լիկվոր» դեղագործական ընկերությունում շրջայցից հետո հայտնել են ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները:

«Ինչպես մյուս պատվաստանյութերի դեպքում, այնպես էլ այս դեպքում, պետությունը կգնի պատվաստանյութը, և քաղաքացիները դա կստանան անվճար: Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: «Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Եվ մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ լայթ» տարբերակը»,- ասել է նախարարը:

«Լիկվոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեց, որ շատ ուրախ են նախարարությունների և ռուսական ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ ՀՀ-ում պատվաստանյութի արտադրությունը իրականություն դարձնելու համար: «Մենք ռուսական կողմի հետ համագործակցում ենք: Ռուսական կողմի հետ, ըստ մեր պայմանագրի, կատարվել է տեխնոլոգիական տրանսֆեր, այսինքն արտադրության տեխնոլոգիայի տրանսֆեր, մեր ընկերությունը վերարտադրել է այս պատվաստանյութը, ներդրումներն արվել են մեր ընկերության կողմից: Սա կարևոր հաջողություն էր թե մեր ընկերության, թե մեր երկրի համար»,- ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքերով՝ գործընթացը սկսելիս նկատի են ունեցել նաև արտահանման հնարավորությունները, որը կբազմապատկի արտադրանքի ծավալները: Այսօր դեռևս արտահանման պայմանագրեր չկան, բայց մի շարք երկրների հետ կան քննարկումներ: «Հիմա արդեն Մերձավոր Արևելյան մի շարք երկրների հետ բանակցություններ գնում են, քննարկվում է նաև որոշ աֆրիկյան երկրներ արտահանելու տարբերակը: Վստահ ենք, որ այս ամենը ռուս գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ շուտով հնարավոր կդառնա»,- ասաց Քերոբյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ