«Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված պետական պարտադիր առարկա է 2-4-րդ դասարանների համար, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված ուսումնական դասընթացը կոչված է օգնելու երեխային՝ ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլև որպես հասարակության և բնության մասնիկ:
Ըստ աղբյուրի՝ այն հուսալի հիմք է միջին և ավագ դպրոցների «Բնագիտություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Պատմություն» առարկաների, ինչպես նաև «Առողջ և անվտանգ կենսակերպ» ինտեգրվող բովանդակային ուղղության համար:
Ավելացել է առարկայի համար նախատեսվող ժամաքանակը. նախկին 134 ժամի փոխարեն ներկայիս նախագծով նախատեսվում է 200 ժամ ամբողջ դասընթացի համար՝ շաբաթական 2 ժամ բոլոր դասարաններում:
Նշվում է նաև, որ առարկայի բովանդակությունը կառուցվում է «ես» գաղափարի շուրջ՝ հետագայում ընդլայնելով և բացահայտելով անձի և նրանից դուրս գտնվող շրջանակների բազմաշերտ փոխազդեցությունները: «Ով եմ ես», «Ես և մյուսները», «Ես և բնությունը» և «Ես և տիեզերքը» ինտեգրված միավորները կրտսեր դպրոցականներին թույլ են տալիս պատկերացնել իրենց շուրջն եղած աշխարհի ամբողջական և միևնույն ժամանակ բազմաշերտ էությունը՝ փոխադարձ կապվածություններով և փոխկախվածություններով՝ ինքնաճանաչումից մինչև աշխարհաճանաչողություն:
Առաջարկվող նախագծում ներառված են այս պահին գործող առարկայական ծրագրերի բովանդակային և թեմատիկ բոլոր բաղադրիչները՝ որոշ լրացումներով։
Հիմնական բովանդակային նորությունները նախատեսվում են բնագիտական բնագավառի թեմաներում, որոնք հարստացվել են փորձարարական, հետազոտական և գործնական գործունեության ձևերով: Ավելացել են որոշ թեմաներ՝ շարժում, ուժեր (ձգում, հրում), էներգիա և այլն։ Կան որոշ թեթևացումներ աշխարհագրական թեմաներից, որոնք նախորդ ծրագրում գերակշռում էին:
Հասարակագիտական թեմաներում բովանդակային փոփոխություններ գրեթե չկան․ առավել շեշտադրված է ինքնության, ազգային արժանապատվության, համայնքի, հայրենիքի, դրա մշակույթի և բնության պահպանման և պատասխանատվության վերաբերյալ արժեհամակարգային բաղադրիչը: Առողջ ապրելակերպի վերաբերյալ թեմաներում որոշ շեշտադրումներ կլինեն ծխախոտի վնասակարության, բուլիինգի (հալածանքի) և համաճարակների ժամանակ անհրաժեշտ վարքականոնների վերաբերյալ:
Չափորոշչում և ծրագրում ներկայացված են և՛ միջառարկայական, և՛ ներառարկայական կապերը` ապահովելով ինտեգրված ուսուցումը:
Նախարարությունից հայտնում են, որ ՝ռարկայի ծրագրով նախատեսված բաժիններում մեծ ուշադրություն է դարձված և ընդգրկուն պարզաբանումներ են տրված թե՛ գործունեության ձևերի նկարագրության, թե՛ խաչվող գաղափարների վերաբերյալ, որպեսզի տարրական դպրոցի ուսուցիչը բնագիտական թեմաներում բավարար աջակցություն ունենա: