Կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չկա Հայաստանում: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
«Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստի պատասխանի, դրանք լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք»,-հավելել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսով միակ պացիենտը ջերմություն չունի։
«Այժմ նա սուր վարակիչ հիվանդությունների բժշկական կենտրոնում է: Ծաղկաձորի հյուրանոցում գտնվողների մոտ այս պահին որևէ ախտանշան ի հայտ չի եկել, ջերմություն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն»,-ասել է նա։
Կառավարության ղեկավարը հորդորել է նաև հնարավորինս սահմանափակել ուղևորությունները դեպի Իտալիա, Թուրքիա:
«Պետք չէ խուճապային գնումներ կատարել, ճիշտ է՝ ունենք որոշ ապրանքների դեֆիցիտ, մասնավորապես՝ դիմակների, բայց այդ խնդիրն ամբողջ աշխարհում է: Պետք է աշխատենք, որ օբյեկտիվ գին լինի շուկայում դրանց համար: Նաև պետք է հասկանանք, որ ամբողջ աշխարհում դիմակների գները բարձրացել են, հետևաբար, նոր խմբաքանակի հայտնվելը շուկայում որոշակի գնի բարձրացում կարձանագրի»,-նշել է վարչապետը:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

