Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 31-ից հունիսի 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 99 դեպք, այդ թվում՝ 10-ը նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 24, անձնական ունեցվածքի գողության 14, ծեծի 9, սպանության սպառնալիքի 6, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման, կաշառակերության ու բնակարանային գողության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակության, կողոպուտի, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, փաստաբանի օրինական լիազորությունները խոչընդոտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2, ավազակության, կողոպուտի, խարդախության, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։