Այսօր շուրջ մեկ ժամ փակ է եղել Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը, բացվել է մոտ 1,5 ժամ առաջ: Այս մասին ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:
«Ակցիային շուրջ 150-200 մարդ էր մասնակցում, որոնք դեմ էին սպանդանոցների մասին որոշմանը: Անձամբ եմ իրենց հետ հանդիպել ու խնդրել, որ բացեն ճանապարհը, մինչև կառավարությունն այսօր ժամը 4-ին վերջնական որոշում կհայտնի»:
Համայնքապետը նշեց, որ երեկ կառավարությունում ներկա է եղել սպանդանոցների հարցով քննարկման: Նրա խոսքով՝ բոլորն էլ կողմ են, որ անասունների մորթն իրականացվի սպանդանոցներում, բայց մինչ այդ անհրաժեշտ է պայմաններ ապահովել:
Մելքոնյանը չբացառեց, որ անասնաբույծների համար ոչ ձեռնտու որոշման դեպքում ակցիան կվերսկսվի:
Հիշեցնենք, որ ըստ կառավարության որոշման՝ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պետք է լինի պարտադիր: Որոշումը դժգոհություններ է առաջացրել անասնաբույծների շրջանում, որոնք պնդում են, թե կառավարությունն այդ որոշումը կայացրել է՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու և համապատասխան պայմաններ ապահովելու:
Նրանք վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիաներ իրականացրին կառավարության շենքի մոտ, որոնց հաջորդեցին մարզերում միջպետական ճանապարհների փակումները:
Աղբյուրը՝ Tert.am
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)