Օրեր առաջ մեզ հետ կապ հաստատեց Օնիկ Վանուշի Գևորգյանը, ով խնդիրներ ունի իրավական համակարգի հետ և, իր պնդմամբ, արդեն 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը։
Պատմությունն այսպիսինն է․
1972 թվականին Ոսկեհատ Հակոբի Գևորգյանը, ով հանդիսանում է Օնիկի (իր պնդմամբ) հոր հորեղբոր կինը, Մասիս գյուղի Պայծառ Պետրոսյան 35 հասցեում գտնվող իր տունը կտակում է Օնիկ Վանուշի Գևորգյանին։ Ոսկեհատը մահանում է 1978 թվականին, բայց Օնիկը կտակի մասին իմանում է միայն 1981 թվականին։ Վաղեմության ժամկետի անցնելու պատճառով Օնիկը դիմում է դատարան, որն էլ իր 22.04.1981 թվականի որոշմամբ վերականգնում է վաղեմության ժամկետը՝ ժառանգությունն ընդունելու համար։ Օնիկի խոսքով՝ նոտարը չի ձևակերպում այն, ասելով, որ գործը կլսվի դատարանում։ Այնուհետև դատարանը տունը բաժանում է իր և իր հոր միջև՝ «հաշվի չառնելով կտակի առկայությունն ու դատարանի որոշումը»։
Ստորև ներկայացված փաստաղթերում ներկայացված է Ոսկեհատի կտակն ու դատարանի՝ 22.04.1981թ․ որոշումը։
Այնուհետև Օնիկը մեկնում է Ուկրաինա, որից հետո, վերջինիս պնդմամբ, 2007 թվականին, «օգտվելով իր բացակայությունից, հանցավոր համաձայնության գալով կադաստրի, նոտարի, զագսի ծառայությունների հետ, խաբելով հորը՝ իրեն կտակված տունը վերջինիս անունով որպես նվիրատվություն է ձևակերպել իր նախկին կինը՝ Անուշիկ Վաչիկի Պետրոսյանը»։ Այս մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Օնիկի նամակում։ Դրանում, ինչպես նաև մեզ հետ զրույցում Օնիկը պնդում է, որ իր ծննդականում կեղծվել են իր ծննդյան ամիս ամսաթիվն ու ծնողների ազգանունները։ Բացի դա, կադաստրում իրեն կտակված տունը մինչ այժմ չունի նոտարական գրանցում (ինչը ապացուցվում է Օնիկի կողմից մեզ տրամադրված փաստաթղթերից մեկով) ու, նրա խոսքով, այն հնարավոր չէ ձևակերպել որպես նվիրատվություն ու տալ դրա համար սեփականության իրավունք։ «Այս ամենը չի խանգարել Արտաշատի նոտար Ռուզան Հարությունյանին ձևակերպել նվիրատվություն, իսկ Արտաշատի այն ժամանակվա դատավորներից Հարություն Ենոքյանը, հաշվի չառնելով գործող կտակի վաղեմության ժամկետը վերականգնելու դատարանի որոշումը, որոշում է հարգել և հաստատել այդ հանցագործ պաշտոնյաների և դրանց պարագլուխ Անուշիկ Պետրոսյանի հանցավոր արարքը», – նշում է Օնիկն ու ենթադրում, որ դատավորը կաշառք է վերցրել։ Վարչապետին ուղղված իր նամակում ուշագրավ է նաև այս հատվածը․ «Արտաշատից ոմն քննիչ Ռոբերտ Մնացականյանն այնքան է իրեն կորցրել, որ ասում է՝ վարչապետը ո՞վ է, որոշում կայացնողը մենք ենք․ գումար կտաս, հարցդ կլուծենք»։
Ստորև ներկայացնում ենք վարչապետին ուղղված Օնիկի նամակն ու տան՝ նոտարական գրանցում չունենալու փաստի վերաբերյալ փաստաթուղթը։
Հիմա մի փոքր Օնիկի մասին։ Օնիկը Ուկրաինայի քաղաքացի է, բայց ծնվել է Արտաշատի Մասիս գյուղում՝ 1954 թվականի հունվարի 3-ին (03.01.1954): Այս մասին նշված է Օնիկի Ուկրաինական անձնագրում, ինչպես նաև զինվորական գրքույկում։ Օնիկի պնդմամբ՝ իր ծնողներն են Վանուշ և Թամարա Հարությունյանները։ Սակայն, Միևնույն ժամանակ, նրա ծննդյան վկայականում (որը, ըստ Օնիկի, կեղծված է) նշված է, որ ինքը ծնվել է 01.03.1954 թվականին ու իր ծնողներն են Թամարա և Վանուշ Գևորգյանները։ Նշենք նաև, որ Օնիկի ծնողները մահացել են։
Վերոնշյալ դեպքերից հետո Օնիկը դիմում է ՀՀ մի շարք պետական կառույցների, ինչպես նաև դատարաններ, որպեսզի փոփոխություն մտցվի նրա ծննդյան վկայականում ու ճշգրտվի նրա ծննդյան ամիս ամսաթիվը և ծնողների ազգանունները, որից հետո հաստատվի իր ու Վանուշ և Թամարա Հարությունյանների միջև ազգակցական կապը և նա կարողանա ստանալ իրեն թողնված ժառանգությունը, բայց այս առումով գրեթե բոլոր տեղերից ստանում է մերժումներ։
Արարատի մարզի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արտաշատի տարածքային բաժնից մերժում են Օնիկին, նշելով, որ նրա ներկայացրած փաստաթղթերով չի հիմնավորվում, որ ինքը հանդիսանում է Վանուշ և Թամարա Հարությունյանների որդին։ Արարատի նոտարականից նույնպես մերժում են Օնիկին՝ կրկին նշելով, որ ազգակցական կապը հաստատելու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը հիմնավորված չեն և չեն բավարարում տվյալ փաստը հաստատելու համար։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման մեջ էլ ասվում է, որ դիմողը չի ներկայացրել դիմումը հիմնավորող որևէ ապացույց ու, ելնելով վերոգրյալից, դատարանը մերժել է ազգակցական կապը հաստատելու պահանջի մասին Օնիկի դիմումը։ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին է մերժել Օնիկի բողոքն ու օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի վճիռը։
Ստորև ներկայացնում ենք ՔԿԱԳ-ի, նոտարականի ու դատարանների որոշումների վերաբերյալ փաստաթղթերը։
Արդյունքում, ստացվում է մի իրավիճակ, երբ, Օնիկի նկարագրելով, ինքը ստացել է ժառանգություն, այն իրենից հանցավոր ճանապարհով խլել են՝ կեղծելով իր վերաբերյալ տվյալներ, ու այժմ իրավական համակարգը չի կարողանում վերականգնել նրա իրավունքներն ու շտկել կեղծիքը։ Նշենք, որ Օնիկ Վանուշի Գևորգյան անձ, ով ծնվել է 01.03.1954թ․՝ Մասիս գյուղում, և ում ծնողներն են՝ Վանուշ և Թամարա Գևորգյանները, գոյություն չունի։ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ տունը կտակվել է Օնիկ Վանուշի Գևորգյանին, ով ծնվել է Մասիս գյուղում՝ 03.01.1954թ․, և ում ծնողներն են Վանուշ և Թամարա Հարությունյանները։
Ի դեպ, այստեղ կարող է բնական հարց առաջանալ, թե ինչպե՞ս է Օնիկի ազգանունը Գևորգյան, իսկ իր ծնողներինը՝ Հարությունյան։ Այս մասով Օնիկը մեզ ասած, որ իր հոր ընտանիքում 6 երեխա են եղել՝ 3-ը Հարությունյան, 3-ը Գևորգյան, ու կարծիք հայտնեց, որ իր ազգանունը Գևորգյան են դրել, որովհետև իրենց ազգը համարվել է Գևոյի ազգ և, միգուցե, սա է պատճառը։ Նա նշեց, որ իրենց ընտանիքում բոլորը Հարությունյան են, այդ թվում՝ իր քույրերը, բացի իրենից։
Օնիկը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ ինքն այս հարցով դիմել է նաև այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ինչպես նաև տանսյակ անգամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ապարդյուն։ Այս պահին արդեն Օնիկը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Վերջում ցանկանում ենք տեղադրել նաև Օնիկի Facebook-յան էջի հղումը, որպեսզի նրան օգնել ցանկացողները կարողանան կապ հաստատել իր հետ։