fbpx
Էկո

19:40 10/10/2019

Շատ համարձակ հայտարարություն եք անում. վարչապետը՝ Սուրեն Պապիկյանին

Հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ ներկա պահի դրությամբ Սևանից բաց է թողնվել 140 մլն խմ-ից մի փոքր ավելի ջուր:

«Ամենայն հավանականությամբ, էլ կարիք չի լինի ջուր բաց թողնել: Եթե լինի էլ, շատ փոքր ծավալների մասին է խոսքը: Մենք ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չունեցանք, այլ մոտ 30 մլն խմ-ով պակաս ջուր վերցրեցինք Սևանից», ասաց նախարարը և հավելեց, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով ավելի է: Ավելի բարձր կլիներ մակարդակը, եթե բնակլիմայական պայմանները մոտ լինեին միջին տարեկան ցուցանիշներին:

Նա նաև հավելեց, որ հաջորդ տարիների համար հնարավոր է նվազեցվի ջրի պահանջարկը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր հերթին նշեց, որ ճիշտ աշխատանքի պարագայում կարելի է հասնել ավելի լավ արդյունքների.

«Սա նվազագույնն է, որ հասել ենք: Մյուս տարի ավելի լավ ցուցանիշներ կարձանագրենք», – ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձանգանքելով Սուրեն Պապիկյանին, ասաց. «Շատ համարձակ հայտարարություն եք անում, մանավանդ անկանխատեսելի եղանակային պայմանները հաշվի առնելով: Բայց արդեն ասացիք»:

 

Վերեվ