ՆՈՐ ԴԵԼԻ – Հնդկաստանի Գերագույն դատարանը չորեքշաբթի մերժել է փաստաբանի միջնորդությունը՝ միջամտելու Նոր Դելիում ընթացող բողոքի ցույցերին, որոնք կապված են NEET (National Eligibility cum Entrance Test) մրցակցային քննությունների ենթադրյալ արտահոսքերի և խախտումների հետ։ Այս մասին հայտնում է իրավական ոլորտի տեղեկատվական LawTrend պարբերականը։
Դատարանի եռանդամ կազմը՝ Հնդկաստանի գլխավոր դատավոր Սուրյա Կանտի, դատավորներ Ջոյմալյա Բագչիի և Վ. Մոհանայի գլխավորությամբ, հրաժարվել է լսել հարցը և հորդորել է փաստաբանին չվատնել դատարանի ժամանակը։ Գլխավոր դատավոր Կանտը նաև մերժել է ցույցերի տեսանյութերը դիտելու առաջարկը՝ նշելով, որ դատական կազմը ժամանակ չունի և շահագրգռված չէ մեդիանյութերի ուսումնասիրությամբ։
Դատական նիստի ընթացքում փաստաբանը եռանդամ կազմին տեղեկացրել է, որ մայրաքաղաքի հայտնի Ջանթար Մանթար հրապարակում ցույցեր են ընթանում, և պնդել է, որ ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառում մասնակիցների նկատմամբ, այդ թվում՝ արցունքաբեր գազ։ Փաստաբանը ներկայացրել է բողոքող ուսանողների երեք հիմնական պահանջները՝ կառավարության կողմից անմիջականորեն անվճար և արդար NEET քննությունների անցկացում և Թեստավորման ազգային գործակալության (NTA) լուծարում, որը պատասխանատու է համապետական ընդունելության քննությունների կազմակերպման համար։
Գերագույն դատարանում այս քննարկումը տեղի է ունենում մայրաքաղաքում մրցակցային քննությունների շուրջ սրվող բողոքի ակցիաների ֆոնին։ NEET քննությունը վճռորոշ նշանակություն ունի Հնդկաստանում բժշկական բուհեր ընդունվողների համար, ինչն էլ ավելի է մեծացնում ենթադրյալ արտահոսքերի շուրջ հանրային զգայունությունը։ Ցույցերը, որոնք ղեկավարում է «Քոքրոուչ Ջանտա» (Cockroach Janta Party) կուսակցությունը՝ ուսանողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների աջակցությամբ, սրվել են երկուշաբթի օրը, երբ իրավապահները կանգնեցրել են դեպի Խորհրդարանի շենք շարժվող երթը։
Բախումների ընթացքում Դելիի ոստիկանությունը կիրառել է մահակներ և արցունքաբեր գազ՝ ամբոխը հսկելու համար։ Իշխանությունները ձերբակալել են բազմաթիվ ցուցարարների և հարուցել մի քանի քրեական գործեր (First Information Reports – FIR)՝ կապված տեղի ունեցած բռնությունների հետ, ինչը վկայում է իրավապահ մարմինների կոշտ դիրքորոշման մասին, մինչդեռ ազգային թեստավորման համակարգի շուրջ քաղաքական հակասությունները շարունակում են զարգանալ։

