Օգոստոսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին ներկայացրել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։
Շնորհավորելով Տավրոս Սափեյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան համայնքի խնդիրներով, հոգսերով զբաղվելու պատասխանատվություն, կամք և համառություն։
Գնել Սանոսյանի խոսքերով՝ ինչպես Թալինում, այնպես էլ տարածաշրջանի մյուս բնակավայրերում անելիքներ շատ կան, որոնք պատերազմից հետո կրկնապատկվել են։
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում-բողոք է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն
- Փախստականի կարգավիճակ ունեցողները կարող են սոցփաթեթից օգտվել մինչև 2023 թ.
«Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք աշխատելու մեր մոտեցումները, յուրաքանչյուրս փորձենք նորովի վերաբերվել մեր պարտականություններին, նոր ջանքով ու եռանդով աշխատենք»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունը ևս մեկ առիթ կհանդիսանա կատարված աշխատանքն արժևորելու, հին խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի հետ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու համար։
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարին և շնորհավորելով Տավրոս Սափեյանին՝ հույս է հայտնել, որ նա իր աշխատանքի, համայնքի հետ համագործակցության արդյունքում կկարողանա լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թալին համայնքի առաջնահերթ խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես` անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի մատակարարմանն առնչվող հարցերի։