Աստղագետները միջաստղային տարածության մոլեկուլային ամպերից մեկում հայտնաբերել են էրիտրուլոզ կոչվող շաքարի միացություն։ Բացահայտումը հրապարակվել է Nature Astronomy ամսագրում հուլիսի 13-ին։ Սա առաջին դեպքն է, երբ միջաստղային տարածությունում հայտնաբերվում է այսպես կոչված «իսկական շաքար», որն ունի առնվազն երեք ածխածնի ատոմից բաղկացած հիմք։
Մադրիդի Աստղակենսաբանության կենտրոնի աստղագետ և հետազոտության ղեկավար Իզասկուն Խիմենես-Սերան նշում է, որ այս հայտնագործությունը հաստատում է՝ շաքարները կարող են բնական ճանապարհով ձևավորվել տիեզերքում։ Ի տարբերություն նախկինում հայտնաբերված շաքարանման միացությունների՝ էրիտրուլոզն ունի չորս ածխածնի ատոմ, ինչը նրան դարձնում է կենսական նշանակություն ունեցող նուկլեինաթթուների՝ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի ձևավորման կարևոր նախադրյալ։
Այս շաքարի առկայությունը մոլեկուլային ամպերում, որտեղ ծնվում են աստղերն ու մոլորակները, նոր պատկերացումներ է տալիս կյանքի շինանյութերի տարածման մասին։ Գիտնականները ենթադրում են, որ նման մոլեկուլները կարող են աստերոիդների կամ գիսաստղերի միջոցով հասնել նորաստեղծ մոլորակներ, որտեղ դրանք կարող են դառնալ կենսաբանական գործընթացների սկզբնաղբյուր։ Հետազոտության համահեղինակ Կառլոս Բրիոնեսի խոսքով՝ այս բացահայտումը մեծացնում է հավանականությունը, որ տիեզերքում կարելի է գտնել նաև այլ կարևոր մոլեկուլներ, օրինակ՝ ռիբոզ։

