fbpx
Քաղաքականություն

Թուրքիայի սադրանքների համար պատասխանատվություն կկրի Ադրբեջանի ղեկավարությունը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ Թուրքիան ձգտում է ընդլայնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի աշխարհագրությունն ու տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք:

«Հանդիպումն անցկացվում է պայմաններում, երբ մեր հայրենակիցներն Արցախում հայտնվել են էքզիստենցիալ սպառնալիքի ներքո: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում իմ հույն գործընկերոջը այս կարևոր պահին այցի և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար»,-ասաց նա:

«Անկարան աջակցում է Բաքվին ոչ միայն ուղիղ ռազմական մասնակցությամբ, այլ նաև վարձկանների ներգրավմամբ: Չնայած հրադադարի մասին մոսկվոյան հայտարարությանը՝ Ադրբեջանը շարունակում է մարտական գործողությունները՝ Հայաստանի տարածքի ուղղությամբ հարվածներ հասցնելով: Երեկ կրկին հարվածի տակ է հայտնվել Ստեփանակերտը: Այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ոչ միայն հրաժարվում է պայմանավորվածությունները կատարելուց, այլև Թուրքիայի թելադրանքով ձգտում է խորացնել և ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը՝ ագրեսիա դրսևորելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հասկանալի է, որ նման որոշումների հետևում կանգնած է Թուրքիան: Սակայն հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ագրեսորի լայնամասշտաբ ցեղասպան քաղաքականության արդյունքում զոհվել է ավելի քան 32 խաղաղ բնակիչ: 106-ը վիրավոր է: 86-ը ծանր վիրավոր է: Հոկտեմբերի 10-ից հետո 6 խաղաղ բնակիչ է զոհվել: 4 բնակիչ գնդակահարվել է դիվերսանտների կողմից: 2-ը զոհվել է հրետակոծության հետևանքով»,-հայտնեց նախարարը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ռազմական հանցագործողությունները փաստագրվել են, այդ թվում նախօրերին համացանցում հրապարակված գերիների սպանության կադրերը: Ագրեսիայի հետևանքով շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տունը, նյութական մեծ վնաս է հասցվել: Իշխանությունը պահելու համար Ալիևը համաձայնել է իր երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և ահաբեկիչների բազայի: Ահաբեկչության ներմուծումը Թուրքիայի քաղաքականության մասն է: Այդ ապակառուցողական քաղաքականության հետևանքները տեսնում ենք Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, այժմ նաև Հարավային Կովկասում»,-հայտարարեց նախարարը՝ հաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ կապված Միջերկրական ծովում իրավիճակի հետ և անվերապահ աջակցություն հայտնեց Կիպրոսին և Հունաստանին՝ Թուրքիային կոչ անելով դադարեցնել բոլոր անօրինական գործողությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ