fbpx
Իրավական

Վահե Գրիգորյանի արձագանքը նախագահի որոշմանը

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ում այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է ՍԴ դատավորի պաշտոնում, ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելի ընկերներ,
Այսօր առավոտյան Հանրապետության նախագահի որոշմամբ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար իմ թեկնածությունն առաջարկվել է Ազգային ժողովին։

Սահմանադրական դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության մասին, ընդհանրապես, իմ պատկերացումները, ծրագիրը, մոտահար և հեռահար տեսլականները կներկայացնեմ առաջին իսկ ժամանակային հնարավորության դեպքում, իսկ մինչ հաջորդ շաբաթվա վերջ ես զբաղված եմ լինելու ընթացիկ բողոքարկումներով և վարույթումս գտնվող այլ անհետաձգելի գործերով։

Արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի այս առանձին վերցրած պաշտոնը Հայաստանում երբևէ ամենամեծ լարում ունեցած, համալրման համար բարդություններով և բազում շահերի անհամապատասխանության հետևանքով թափուր մնացած, իսկ 2018թ․-ի ապրիլից ի վեր Հայաստանում վերջին երկու տասնամյակներում առաջին անգամ դեմոկրատական ընտրություններով ձևավորված Ազգային ժողովի կողմից համալրման ենթակա առաջին բարձր դատական պաշտոնն է։

Այս պաշտոնի համար ավելի շատ մրցութային/խորհրդակցական ընթացակարգեր են ներգրավվել, քանի որևէ այլ բարձր դատական և, առհասարակ, պետական պաշտոնի համար։

Հիշեցնեմ, որ Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95%-ից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։

Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի և նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որևէ ստուգման թափանցիկ ընթացակարգի և զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։

Եվ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական և խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։ Եւ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի և նկրտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն։

Մնացած պարզաբանումները ժամանակի ընթացքում կներկայացնեմ, ինչպես նշեցի արդեն, բաերփոխումների և վերափոխումների իմ պատկերացումների առանձին կետերի տեսքով։ Արդարադատության համակարգի, սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլևս անդառնալի է և հասնելու է Հայաստանին արժանի կայուն և հանրության շրջանում խորը վստահություն և հարգանք վայելող համակարգի կարգավիճակի։

Ես շնորհակալ եմ այն լայն աջակցության համար, որի պակասը երբեք չեմ զգացել, և իմ անձի վերաբերյալ և շուրջ այն մտքի արթնության համար, որ մարդիկ մշտապես ունեցել են պրոպագանդան և զրպարտախոսությունը իրականությունից զատելու հարցում»:

https://www.facebook.com/vahe.grigoryan/posts/10219252481120163

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ