fbpx
ՏՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ հուշագիր է ստորագրվել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է itel.am-ը:

Դրա շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաները։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը և ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շնորհավորելով բոլոր կողմերին հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՏՀՏ ոլորտում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցում է հիշյալ ընկերությունների հետ: Նրա խոսքով՝ 2015 թվականից իրականացվող փորձնական ծրագիրն այսօր ընդլայնվում է. ծրագրում ներառված 10 ավագ դպրոցներին ավելանում են ևս 5-ը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ևս իր հերթին փաստել է, որ ծրագիրը բավականին մեծ հաջողությամբ է իրականացվում:

«Հպարտ ենք, որ Հայաստանը միակն է աշխարհում, որի ավագ դպրոցներում այս առարկաները պարտադիր են: Սա շախմատից հետո երկրորդ ֆենոմենն է, որ արտահանվում է Հայաստանից, քանի որ անգամ զարգացած երկրների ներկայացուցիչներն են նշում դրա մասին: Գիտենք, որ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության զագացման առաջնահերթություն, և եթե ցանկանում ենք, որ այն լինի հիմնական լոկոմոտիվը, ապա պետք է որակյալ կրթություն ապահովենք»,- նշել է նա:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի բիզնեսն իր կուտակած փորձը փոխանցի աճող սերնդին:

«Այս ծրագիրը փաստում է, որ նորարար գիտելիքներ փոխանցելով աշակերտին՝ մենք նրան մասնագիտական կողմնորոշման հնարավորություն ենք տալիս: Մասնագետ պետք է սկսել պատրաստել դեռեւս ավագ դպրոցից, որպեսզի նա շուկա մտնելիս ունենա նվազագույն գիտելիքներ, որպեսզի նաեւ մենք կարողանանք ընտրել որակյալ կադրեր»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Համաձայն հուշագրի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաների ներդրումը,  կմշակի, կլրամշակի և կհաստատի այդ առարկաների չափորոշիչները և ծրագրերը, կմասնակցի դպրոցների ընտրությանը, ինչպես նաև կաջակցի դրա հանրային իրազեկմանը:

«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը կմասնակցի «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝  «Միկրոէլեկտրոնիկա», «Յունիքոմփ» ընկերությունը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների չափորոշչի և ծրագրի մշակմանը և կիրականացնի այդ առարկաների ուսուցիչների վերապատրաստումը:

«Յունիքոմփ» ընկերությունը  նաև տեխնիկական աջակցություն կտրամադրի մասնակից ավագ դպրոցների, «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաների եւ համակարգչային ցանցի սպասարկմանը:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը կաջակցի ծրագրին՝ նպաստելով նոր գործընկերների ներգրավմանը, ինչպես նաև կիրականացնի ծրագրի մոնիթորինգը և դպրոցների ընտրությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ