Առողջապահություն

Վայրկյանները կյանքեր են փրկում․ այսօր Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` UNICEF-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Աշխարհում գրիպի նոր ձևերի և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկումների առումով` անձնական հիգիենայի, մասնավորապես ձեռքերը լվանալու կարևորությունը հիմնական կանխարգելիչ միջոցառումների շարքում գտնվում է առաջին տեղում:

ԱՀԿ-ի այս տարվա կարգախոսն է. «Վայրկյանները կյանքեր են փրկում. լվացեք ձեռքերը»:

Ձեռքերի հիգիենան շարունակում է արդիական հարց մնալ շատ առաջադեմ երկրների առողջապահության համակարգերում: Բժշկագիտության վերջին տվյալներով` բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են ներհիվանդանոցային վարակների փոխանցման հիմնական գործոնը: Այդ պատճառով յուրաքանչյուր բուժաշխատող պետք է իմանա ձեռքերի հիգիենայի կանոնները, իսկ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները` թե ինչպես կարողանան արդյունավետ կազմակերպել այդ կարևոր միջոցառումների համակարգը: Ժամանակակից գիտական հետազոտություններն ապացուցել են, որ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ներհիվանդանոցային վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը համարվում է ձեռքերի հիգիենան:

ԱՀԿ-ի տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է ներհիվանդանոցային վարակների 14 միլիոն դեպք, դրանց 40-80%-ը փոխանցվում են ձեռքերի միջոցով:

Ձեռքերի հիգիենայի կարևոր «5 պահ», որոնց հատկապես պետք է հետևել.

պացիենտին դիպչելուց առաջ,
մաքուր և ասեպտիկ գործողություններից առաջ (օրինակ՝ կաթետեր տեղադրելուց առաջ),
կենսաբանական հեղուկների հետ շփվելուց հետո,
պացիենտին դիպչելուց հետո,
պացիենտի շրջապատի իրերին դիպչելուց հետո:

Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ