Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել ԵԱ-ի ոսկե մեդալը, հատկապես մեծահասակների պայքարում: Այս մասին ասել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, որը 18 տարեկանում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է՝ ներդրել է ողջ ներուժը ոսկե մեդալը նվաճելու համար.
«Այո, առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանը, սա իմ նորամուտն էր, բայց ամեն ինչ անում էի, որ ոսկե մեդալակիր դառնամ, ու ես արեցի դա»,- ասել է Նազարյանը։
Մարզիկը նաև պատմել է, թե հայրն իրեն ինչ է ասել։
«Նա ինձ ասաց՝ «Դու հաղթող ես: Մի’ անհանգստացիր: Պարզապես գոտեմարտիր: Արա այն, ինչ կարող ես ու երբեք մի հանձնվիր՝ մինչև վերջին վայրկյանը: Ըմբշամարտի գոտեմարտերը պատերազմ են»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակիցը 55 կգ քաշայինների եզրափակչում 7:3 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոևին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

