fbpx
Մարզեր

19:20 16/9/2019

ԱՄՆ-ն արժևորում է Սյունիքի բնակիչների հետ կապերը․ Լին Թրեյսին Սյունիքում է

Քառօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մարզպետարանում նրան հյուրընկալեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ու խորհրդական Գոռ Թադևոսյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական հարցերով պատասխանատու Մեթյու Փթիթը։

Լին Թրեյսիի սյունիքյան այցի հիմնական նպատակը սեպտեմբերի 17-ին Մեղրու Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վերաբացման արարողությանը մասնակցելն է, սակայն այս օրերին նա նաև մի շարք հանդիպումներ և ճանաչողական այցեր կունենա։

Հիշեցնենք, որ 2016-ից ընթացող՝ Մեղրու Փոքր թաղի եկեղեցու վերակառուցման ու պահպանության ծրագիրն իրականացվում է «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցներով, որի համար 510 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել։ Ծրագրի շնորհիվ հաջողվել է կործանումից փրկել ու վերականգնել որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող՝ տարածաշրջանում նմանը չունեցող բացառիկ որմնանկարները, եկեղեցին ապահովվել է ջրահեռացման, օդափոխության համակարգերով, փոխվել է տանիքն ու բարեկարգվել դեպի հոգևոր տուն տանող ճանապարհը։

Նարեկ Բաբայանը, ողջունելով դեսպանի առաջին այցը Սյունիք, շնորհակալություն հայտնեց նրան Մեղրու եեղեցում կատարված ներդրման, ինչպես նաև մինչ այժմ թե՛ դեսպանատան, թե՛ ամերիկյան այլ կազմակերպությունների կողմից մեր մարզում իրագործված ծրագրերի համար։ Մարզպետի տեղակալը ընդհանուր գծերով ներկայացրեց Սյունիքի մարզն իր տնտեսության կառուցվածքով ու ներուժով, խնդիրներով, զարգացման այն առաջնահերթություններով, որոնք մարզային իշանությունը նախանշում է առաջիկա տարիների համար։

Կապան մտնելիս՝ դեսպանի աչքից չէր վրիպել օդանավակայանի շինարարությունը, և նա հետաքրքրվեց նաև այդ աշխատանքներով ու հեռանկարով։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական, մշակութային, բնապահպանական և այլ հարցեր։ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին ներկայացվեցին նաև ծրագրային մի շարք առաջարկներ, որոնցում մարզն ակնկալում է դեսպանատան աջակցությունը, և բարձրաստիճան դիվանագետը խոստացավ դեսպանության համապատասխան բաժինների հետ քննարկել դրանք։

«Միացյալ Նահանգներն արժևորում է Սյունիքի բնակիչների հետ կապերը, և ինձ համար հաճելի էր այցելել Սյունիքի մարզ` դիտարկելու այդ կապերը խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները», – շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հանդիպումը եզրափակեց Լին Թրեյսին։

Վերեվ