ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի խոստացել Թուրքիային արտահանձնել թուրք քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ` Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությունը:
«G20-ի շրջանակում իր գործընկեր Էրդողանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նախագահը չի ստանձնել Գյուլենին արտահանձնելու պարտավորվածությունը», – հայտարարել են Սպիտակ տանը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Թուրքիա արտահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որը Թուրքիայում մեղադրվում է 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
