ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իրականացնում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար՝ միտված ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։
Ծրագրի մեկնարկի մասին այսօր ազդարարել, ներկաներին ողջունել և մասնակիցներին բարի ընթացք է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը. «Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, թատրոնի հարգելի ղեկավարներ, լրագրողներ, «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեր հերթական կրթամշակութային նախագծերից է: Արդեն ավանդույթ է դառնում, որ պարբերաբար՝ մի քանի ամիսը մեկ, մենք իրականացնում ենք նման ծրագրերի շնորհանդեսներ, որոնք մեր խորը համոզմամբ, լուրջ ազդեցություն են ունենալու ոլորտի զարգացման վրա: Այդ նախագծերից է դպրոցականների աբոնեմենտային ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի բոլոր դպրոցներում. ծրագրի շրջանակում մեր աշակերտները հնարավորություն ունեն մեկ տարվա ընթացքում աբոնեմենտով այցելելու թատրոն, թանգարան, համերգասրահ: Կրթական նախագծերից է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, երբ պետության տրամադրած դրամաշնորհով անվանի արվեստագետներն այցելում են ուսումնական հաստատություններ և ներկայացնում իրենց արվեստը, «ԴասԱ» նախագիծը՝ դասական երաժշտության վարպետների այցելությունները դպրոցներ, որից հետո աշակերտներն են այցելում համերգասրահներ՝ ունկնդրելու դասական երաժշտություն»:
Թվարկելով իրականացրած կրթամշակութային ծրագրերը՝ նախարարը տեղեկացրել է, որ այդ նախագծերին կհաջորդի Մայր թատրոնի հետ կազմակերպած «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը: Նախարարի խոսքով` այս ծրագիրը, նախ, ծանոթացնելու է ավագ դպրոցների աշակերտներին Մայր թատրոնի և ոլորտի հետ, ապա օգնելու է նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:
«Աշակերտները լսելու են ավելի քան 10 դասախոսություն, այնուհետև՝ հնարավորություն են ունենալու իրենց գիտելիքները կիրառել գործնական պարապմունքների ժամանակ, ծանոթանալով անգամ թատրոնի տնտեսության վարմանը, ինչը շատ կարևոր է»,-պարզաբանել է նախարարը։
Ա. Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ «Դասարան+Դասական» պիլոտային ծրագիրը, որն այժմ իրականացվում է միայն Երևանում, մյուս տարվանից կընդգրկի նաև մարզերի դպրոցները և կդառնա համապետական:
Ներկայացնելով նախագծի նպատակն ու ընթացքը՝ ծրագրի ղեկավար, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշել է, որ երևանյան դպրոցներից մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 250 աշակերտ։ Մասնակիցներին ժամանակ կտրվի գրելու շարադրություն՝ հայ թատերարվեստին նվիրված թեմաներով։ Շարադրության արդյունքների ամփոփման միջոցով կընտրվի 60 աշակերտ։ Նրանք հնարավորություն կունենան անվճար հիմունքներով մասնակցել նոյեմբերի 12-16-ը անցկացվելիք սեմինար-դասախոսություններին։
Տեղեկացնենք, որ «Թատրոնի պատմություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսորական արվեստ», «Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում», «Թատերական գործի կազմակերպում» թեմաներով դասախոսությունները կվարեն ոլորտի լավագույն մասնագետները. թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Բաբայանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և այլ հայտնի թատերագետներ ու մշակութային գործիչներ։ Հինգօրյա դասախոսությունները կուղեկցվեն նաև ներկայացումների դիտումներով։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։