Օվկիանոսային ջերմաստիճանի նոր բազային մակարդակ
2026 թվականի օգոստոսին համաշխարհային օվկիանոսի մակերևութային ջերմաստիճանը հասել է աննախադեպ 21.1°C-ի՝ գերազանցելով 2024 թվականի մարտին գրանցված 21.09°C ռեկորդը։ «Կոպեռնիկոս» կլիմայական փոփոխությունների ծառայության (C3S) տվյալներով՝ այս ցուցանիշը խիստ մտահոգիչ է, քանի որ այն արձանագրվել է տարվա այն ժամանակահատվածում, երբ ջերմաստիճանը սովորաբար չի հասնում իր գագաթնակետին։
Թեև Խաղաղ օվկիանոսի արևադարձային հատվածում ուժեղացող «Էլ Նինյո» երևույթը նպաստում է տաքացմանը, հետազոտողները շեշտում են, որ սա սեզոնային անոմալիա չէ։ Կլիմայական փոփոխությունների եվրոպական կենտրոնի ռազմավարական ղեկավար Սամանտա Բյորջեսի խոսքով՝ «Էլ Նինյոն» միայն ուժեղացնում է այն գործընթացը, որը պայմանավորված է մարդկային գործունեության հետևանքով տասնամյակներ շարունակվող գլոբալ տաքացմամբ։
Նյութը պատրաստվել է The Guardian-ի հրապարակած տեղեկությունների հիման վրա։
Էկոհամակարգային և տնտեսական ռիսկեր
Օվկիանոսը, որը կլանում է ջերմոցային գազերի հետևանքով առաջացած ջերմության ավելի քան 90%-ը, գնալով ավելի անարդյունավետ է դառնում ածխաթթու գազի կլանման գործում։ Սա ստեղծում է վտանգավոր հետադարձ կապ՝ ավելի շատ ջերմություն մնում է մթնոլորտում։ Ծովային ջերմային ալիքները 1990-ականներից ի վեր ավելի քան եռապատկվել են՝ ոչնչացնելով մարջանային խութերն ու ծովային խոտածածկույթները, որոնք կենսական նշանակություն ունեն ձկնորսության և առափնյա համայնքների համար։
Պաշտպանության անհրաժեշտություն
Ջրի ջերմային ընդարձակումը նպաստում է ծովի մակարդակի բարձրացմանը, ինչը սպառնում է ցածրադիր կղզային պետություններին։ Մասնագետները, այդ թվում՝ WWF-US-ի փոխնախագահ Գաբի Ահմադիան, ընդգծում են, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է երկու հիմնական քայլ՝ հանածո վառելիքի արտանետումների կտրուկ կրճատում և ծովային էկոհամակարգերի պաշտպանություն։ 190-ից ավելի պետություններ արդեն հանձնառություն են ստանձնել մինչև 2030 թվականը պաշտպանել մոլորակի ծովային տարածքների 30%-ը, ինչը այժմ հրատապ օրակարգ է։

