Azat TV-ին զրուցել է ՁԱՅՆ լիբերթար պահպանողական կուսակցության նախագահ Արուսյակ Հայրապետյանի հետ։
-Տիկին Հայրապետյան, նախ կխնդրեմ մեր ընթերցողին ներկայանաք. ի՞նչ մասնագիտություն ունեք և ո՞ր պահից որոշեցիք մուտք գործել քաղաքականություն:
Երկու մասնագիտացում ունեմ, եթե խոսենք բարձրագույն կրթության մասին։ Մեկն արվեստի բնագավառում, մյուսը՝ կառավարման։ Հայաստանում քաղաքական գործունեությունս սկվել է 2013-ին՝ քաղբանտարկյալների համար ու մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարով։ Ակտիվ քաղաքականություն մտնել որոշվեց 44-օրյա պատերազմից հետո։ 2018-ի ժողովրդական զարթոնքի ձախողումն ու Հայաստանի այսօրվա մարտահրավերները որոշիչ էին, իհարկե։
Իսկ ՁԱՅՆ լիբերթար պահպանողական կուսակցությունը հիմնադարվեց 2021-ի մարտի 21-ին։ Մենք, հիմնադիրներս, համոզմունք ունենք, որ այս կուսակցությունն իր առաքելությունն ունի Հայաստանի Հանրապետության պահպանման ու զարգացման գործում։
Ես ինձ չեմ համարում քաղաքական գործիչ բառի դասական իմաստով, սակայն համարում եմ, որ ասելիք ու անելիք ունեմ Հայաստանի համար։
-Հետևելով Ձեր գործունեությանը՝ նկատել եմ, որ Դուք վերջին շրջանում շատ եք բարձրաձայնում Հայաստանի ինքնիշխանության հարցը: Ինչո՞վ է այն պայմանավորված և ի՞նչ է հնարավոր անել առողջ քաղաքական հանրույթի կողմից, որպեսզի Հայաստանը նվաճի ինքնիշխանությունը: Ունե՞ք առաջին երեք քայլերը Ձեզ համար:
ՁԱՅՆ-ը սուվերենիստների կուսակցություն է, այսինքն ինքնիշխանությունը մեզ համար կարմիր գիծ է։ Եթե պետությունն ինքնիշխան չէ, դա այլևս պետություն չէ, այլ սուբյեկտ, որը ծառայեցվում է այլ պետությունների հետաքրքրությունների սպասարկմանը։ Դա մեր Հանրապետության երեսնամյա պատմությունն է, որը պիտի փոխվի։ Մենք սուվերեն լինելու պատմական հնարավորությունը բաց ենք թողել 1988-ին, հետո՝ 2018-ին, երբ ժողովրդական հրաշալի զարթոնքը, երկու անգամն էլ, ապիկար քաղգործիչների ձեռքում մխսվել է։ Քանզի չենք ունեցել հայոց պետական շահը հասկացող ու կարևորող պետական այրեր, քաղաքական ուժեր, կամ նրանք մնացել են լուսանցքային։ Այդ վտանգը մեզ էլ է սպառնում, որպես քաղաքական ուժ։ Ժամանակը ցույց կտա, ինչպես մենք կկարողանանք այդ մարտահրավերը հաղթահարել։ Ինքնիշխանությունը չի նվաճվում, այն ձեռք է բերվում այդ գիտակցությանը հասնելով, ու դա հանրույթից չի սկսվում, այլ անհատական մտածողությունից, նախ և առաջ ։
Դրան հասնելու համար մենք նախ և առաջ մեր մտածողությունն ու մտածելակերպը պիտի արդիականացնենք ու ձերբազատվենք վասալի հոգեբանությունից։
Հասկանանք ու գնահատենք մարդու ազատությունն ու դրա արժեքը։ Այստեղ կուզեմ մի փոքր ավելի խորքայի խոսել «ազատություն» բառի, դրա իմաստի, գաղափարի ու դրա ըմբռնման մասին։ Մեր հանրույթը դեռևս կրում է ազատության բառի դիաբոլիզացիայի ստիգմատները՝ սովետական ժառանգությամբ։ Հայերենում liberty և freedom բառերը երկուսն էլ նույն՝ ազատություն բառով են թարգմանվում։ Մինչդեռ եթե մեկ իմաստով ազատությունը՝ freedom տրվում է (ինչպես օրինակ մեզ՝ 1991 ին), ապա liberty ն գիտակցական մակարդակում է ձեռք բերվում։ Անհատական գիտակցությամբ, նախ և առաջ։ Հետո՝ հանրայինում, որպես արժեհամակարգային արժեք, կրթության միջոցով, որ ծառայելու ու քծնելու ետսովետական արատավոր ռեֆլեքսից քաղաքացին ազատվի և իրապես իրեն տեր զգա իր սեփական և իր Պետության կյանքում։ Մենք հիմա ունենք freedom, բայց liberty չունենք։ Ազատություն ունենք՝ ազատականություն (liberty բառին այս պահին ամենահարմար տարբերակն օգտագործեմ) չունենք։
Քանզի ազատական մարդն է միայն ընդունակ ազատությունը (freedom) կոնսոլիդացնել և պահպանել, դրա կարևորությունը խորքային ըմբռնելով, և հասկանալով, որ այն մարդու գերագույն իրավունքն է, գերագույն աժեքը, որն ամեն գնով պիտի պաշտպանվի և առանց որի կյանքն անիմաստ մի բան է, մսխված։
Մենք պետք է նաև հասկանանք ու գիտակցենք մեր Պետության կարևորությունը հայապահպանության հարցում։ Լոս Անջելեսում կամ Մարսելում փոքրիկ Հայաստան ստեղծել ու պահպանելը իլյուզիա է, ինքնախաբեություն, մենք մեր ինքնությունը կկորցնենք և որպես ազգ կվերանանք, եթե չպահպանենք մեր հայրենիքը իր տեղում՝ Հայաստանում։
Այդ ճանապարհին առաջին քայլը կարվի, երբ Հայաստանում ընտրվի ու կառավարման ղեկը ստանա մի քաղաքական ուժ, որը ոչ միայն գաղափարական ու հայաստանակենտրոն լինի, այլ որևէ այլ երկրից պարտադրված չլինի ու այլ երկրի հետաքրքրությունները չսպասարկի մեր հայրենիքում։ Հաջորդ քայլերն արդեն կհետևեն՝ համապատասխան ռեֆորմների տեսքով։ ՁԱՅՆ-ը արմատական ռեֆորմների ցուցակ ունի։
-Օրերս իշխող ուժը որոշում կայացրեց Երևանի քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին: Դուք հանդես եկաք հայտարարությամբ և կարծես՝ կոչ արեցիք Մարությանին ասուլիս տալ կամ բացատրություն տալ եղելության մասին, քանի որ փակագծեր չէին բացում և նույնիսկ հայտարարություններից հետո էլ որոշակի գորշության մեջ մնաց խնդիրը:
Այո, ինչպես միշտ, ցավալի է, որ քաղաքապետը համարձակություն չունեցավ անկեղծ լինել քաղաքացիների հետ։ Ինձ բնավ չզարմացրեց այդ ներքաղաքական ճգնաժամը, որ ՔՊ-ն իր ոճով անցկացրեց։ Այն քաղաքական էր և լրիվ ապաժողովրդավարական։ Այսօր Հայաստանը ղեկավարող ուժը թույլ է, քաղաքականապես՝ արկածախնդիր, և ժողովրդավարական սկզբունքներից կիլոմետրով հեռու։ Դրան գումարած համակարգը, որ նրանք չեն փոխել, այլ որին հարմարվել են, ու դրանից բխող բոլոր երևույթները։ ՔՊ-ն միշտ որակով կադրերի խնդիր է ունեցել, իրենք նախընտրում են «հավատարիմներին», ոչ թե պրոֆեսիոնալներին, և որակով մասնագետները այդ թիմի հետ աշխատելու ոչ մի ցանկություն չունեն։
-Նմանատիպ արշավներից զերծ չեն մնում նաև այլ ՏԻՄ ավագանիները, որոնք վերջերս են ընտրվել և իշխանությունները, ինչքան էլ որ հայտարարում են ժողովրդավարական ընտրությունների մասին, միառժամանակ դրդում են նրանցից շատրին գնալ սակարկումների, նույնիսկ ձերբակալություն էլ եղավ Մամիկոն Ասլանյանի մասով, ավագանու առաջին նիստի նախօրեին՝ խոչընդոտելով նրա վերընտրությունը Վանաձորում:
Խնդիրը նույնն է՝ համակարգը, որը չի փոխվել։ Մեր երկրում գործում է ետխորհրդային փտած համակարգը, որը «հարստացվել» է ֆեոդալական ու նեոլիբերալ բարքերով։ Մի հրեշ։ Քանի դեռ այս համակարգը ռեֆորմացնելու խելք ու կամք ունեցող քաղաքական ուժ չկա Հայաստանում, մեր ներպետական խնդիրները գնալով խորանալու են, իսկ արդարադատությունն ու ժողովրդավարությունը այդպես էլ երազանք են մնալու։
-Հայաստանում քաղաքական պատասխանատվության մշակույթի ձևավորման համար ի՞նչ նախադրյալներ կամ հանգամանքներ են անհրաժեշտ, և որոնք են եղել հիմնական խոչընդոտները: Ինչպե՞ս է մեր հանրույթն այն հաղթահարելու:
Քաղաքական պատասխանատվությունը քաղաքական հասունություն է պահանջում։ Սա ևս մեզանում դեռևս բացակայում է։ Ցանկացած ֆունդամենտալ փոփոխության համար անհրաժեշտ է նախ և առաջ ունենալ քաղաքական կամք ու չվախենալ սեփական անձի ռեյտինգի համար։ Սեփական անձի ռեյտինգի վրա դողալով Պետություն չեն կառուցում, այլ բռնապետություն։ Դա այն է ինչ հիմա տեղի է ունենում մեր երկրում, ուր 2018-ից ի վեր ռեֆորմների անհրաժեշտություն կա, բայց չկա դրանք իրագործելու համարձակությունը։
Բայց էվոլուցիան իր գործն անում է, չնայած դանդաղ՝ բայց անում է։ Վերևում խոսեցինք ազատականության՝ որպես արժեք գիտակցության ու դրա կարևորության համար պայքարելու գիտակցության հասունացման մասին, սա լիբերթարիանիզմի ալֆան ու օմեգան է։ Լիբերթարիանիզմը նախ և առաջ փիլիսոփայություն է, մարդու ազատության առաջնայնության փիլիսոփայությունը, որը հենց մեր դաշտն է, և մենք իսկապես երջանիկ ենք, որ Հայաստանում լիբերթարյան փիլիսոփայության կրող առաջին քաղաքական ուժն ենք։ Դեռ ահռելի աշխատանք կա անելու, այս գաղափարները լիարժեք ու պատշաճ կերպով ներկայացնելու և դրանք հանրության մտածելակերպի էվոլուցիային ծառայեցնելու ճանապարհին, մենք պատրաստ ենք այդ աշխատանքին նվիրել մեր կյանքի մնացած տարիները։
Հայաստանի քաղաքական ապագան ես լուսավոր եմ տեսնում, որովհետև գիտեմ, որ կան երիտասարդ ուժեր, որոնք հիմա ակտիվ գործում են։ Դեռևս լուսանցքային են, թույլ, բայց ուժեղանալը ընդամենը ժամանակի հարց է։
-Եվ վերջին հարցս. ո՞րտեղ եք տեսնում Հայաստանը և Արցախը 10 տարի անց:
Հուսամ՝ նույն տեղում, նույն անուններով….

