fbpx
Քաղաքականություն

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա. Բաբկեն Թունյան

Ի պատասխան Facebook-ի գրառումներին ու ստացած զանգերին՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը Facebook-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա:

«Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին՝ Ազգային ժողովում բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում՝ առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել որպես մեծագույն բացահայտում։ Արձագանքելով այդ առաջարկին՝ թե՛ ես, թե՛ Արտակ Մանուկյանը, թե ՛ նիստին մասնակցող տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ, ասել ենք, որ դեմ ենք այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։ Նաև դրա վարչարարությունն է խնդրահարույց»,- ասված է պատգամավորի գրառման մեջ։

Նա նաև նշել է, որ անկախ կոնկրետ գաղափարի կամ առաջարկի նկատմամբ վերաբերմունքից՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի տեսակետ հայտնելու և նախաձեռնություն ներկայացնելու՝ ցանկացած հարցով.

«Սակայն որոշումը կայացվում է նախ հանձնաժողովի, հետո ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկմամբ ու քվեարկությամբ։ Այնպես որ, խնդրում եմ կրքերը արհեստականորեն չթեժացնել և անգամ քննադատելիս չմոռանալ հարգանքի և էթիկայի մասին»։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1884757228331885

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ