fbpx
Աշխարհ

Լորդերի պալատը հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն այսօր հավանություն է տվել Brexit-ի հետաձգման մասին օրինագծին: Այս մասին հաղորդում է TACC-ը:

Օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ, առանց քվեարկության, ընդ որում, պալատի անդամներն օրինագծում որևէ փոփոխություն չեն կատարել:

Այդպիսով, օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկման բոլոր փուլերը, այն պետք է վերադարձվի Համայնքների պալատ, որտեղ մշակվել և հավանություն է ստացել ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Այժմ օրինագծին պետք է հավանություն տա թագուհի Եղիսաբեթ II-ը, ինչը կարող է տեղի ունենալ երկուշաբթի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կտրուկ դեմ է այդ օրինագծին, քանի որ իր առաջ խնդիր է դրել մինչև հոկտեմբերի 31-ը երկիրը գործարքով կամ առանց դրա դուրս բերել ԵՄ կազմից: Այդուհանդերձ, խոստացել է, որ չի խոչընդոտի օրենքի ընդունմանը:

Մեծ բրիտանիան պետք է լքեր ԵՄ կազմը 2019 թ.-ի մարտի 29-ին, այսինքն՝ ԵՄ-ից դուրսբերման մասին գրավոր ծանուցում ստանալուց 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ չեղարկեցին Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել էր Բրյուսելի և Թերեզա Մեյի կառավարության միջև: Արդյունքում ԵՄ-ը համաձայնեց Brexit-ը հետաձգել մինչև ապրիլ կամ մայիս, ապա՝ հոկտեմբերի 31-ը, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը դուրս բերել փակուղուց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ