ՆՅՈՒ ՅՈՐՔ (Ազատ TV) – Նանոտիրանոս անունով հազվագյուտ, նոր նույնականացված դինոզավրերի ցեղին պատկանող մոնտաժված կմախքը երեքշաբթի օրը Նյու Յորքում կհանվի «Սոթբիս» (Sotheby’s) աճուրդում։ BBC լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Ջոդի» մականունով մոտ 10 ոտնաչափ (3 մետր) բարձրությամբ նմուշը գնահատվում է 6 միլիոնից մինչեւ 9 միլիոն դոլար (4.5 միլիոն ֆունտ ստեռլինգ): Աճուրդն անցկացվում է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հոկտեմբերին հետազոտողները պաշտոնապես հաստատեցին Նանոտիրանոսի առանձին ցեղ լինելը՝ վերջ դնելով տասնամյակներ տեւած վեճերին այն մասին, թե արդյոք այս կենդանին Տիրանոզավր ռեքսի դեռահաս տեսակն էր:
«Սոթբիս» աճուրդային տունը բնութագրում է «Ջոդին» որպես հիանալի ցուցադրական վիճակում գտնվող կմախք՝ բաղկացած մոտ 191 ոսկրային տարրերից եւ գրեթե ամբողջական, գեղեցիկ պահպանված գանգից։ Աճուրդի ներկայացված այս նմուշը առաջինն է շուկայում այն պահից ի վեր, երբ ամերիկացի գիտնականները պաշտոնապես դասակարգեցին այս ցեղատեսակը: Այս վաճառքը հաջորդում է հուլիս ամսին կայացած մեկ այլ խոշոր աճուրդի, երբ «Գուս» անունով Տիրանոզավր ռեքսը վաճառվեց ռեկորդային՝ 50.1 միլիոն դոլարով (37.4 միլիոն ֆունտ): Այնուամենայնիվ, այս գործարքները կրկին բուռն քննարկումներ են առաջացրել գիտական շրջանակներում հազվագյուտ բրածոների մասնավոր վաճառքի շուրջ:
Անատոմիական առանձնահատկությունները և գիտական նշանակությունը
Տասնամյակներ շարունակ հնէաբանները վիճում էին, թե արդյոք Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված ավելի փոքր տիրանոզավրիդների մնացորդները ներկայացնում են առանձին տեսակ, թե պարզապես Տիրանոզավր ռեքսի երիտասարդ անհատներ են։ Այս անորոշությունը փարատվեց անցյալ տարվա հոկտեմբերին հետազոտությունների արդյունքում, որոնք գլխավորում էին գիտնականներ Լինդսի Զանոն և Ջեյմս Նապոլին։ Նրանց աշխատանքը հիմնված էր Մոնտանայում հայտնաբերված «Մենամարտող դինոզավրեր» հայտնի նմուշի վրա, ինչը թույլ տվեց առանձնացնել Նանոտիրանոսը որպես ուշ կավճի շրջանի առանձին մսակեր կենդանի:
Պորտսմութի համալսարանի հնէաբան Մեգան Ջենքինսը BBC-ի եթերում պարզաբանել է այն անատոմիական տարբերությունները, որոնցով Նանոտիրանոսը տարբերվում է ավելի խոշոր ցեղակիցներից։ Նա նշել է, որ Նանոտիրանոսը զգալիորեն փոքր է եւ ավելի նրբագեղ, ունի սլացիկ կառուցվածք եւ միսը կտրելու համար հարմարեցված դանականման ատամներ։ Երկու գիշատիչներն էլ ապրել են միեւնույն տարածքներում եւ միեւնույն երկրաբանական ժամանակաշրջանում՝ մոտ 67 միլիոն տարի առաջ:
Մինչ պաշտոնական դասակարգումը, «Ջոդին» ցուցադրվել էր որպես Տիրանոզավր ռեքսի մանուկ անհատ Լոնդոնի Frieze Masters արվեստի միջազգային տոնավաճառում 2023 թվականի հոկտեմբերին։ Կմախքը հայտնաբերվել էր ԱՄՆ Մոնտանա նահանգում՝ ֆերմայի սեփականատեր Ջոդի Պիրսոնի կողմից՝ Հոլ Քրիք ֆորմացիայում, որը լայնորեն ուսումնասիրված երկրաբանական վայր է: Ավելի ուշ մնացորդները պեղվել են առեւտրային հնէաբան Կլեյտոն Ֆիպսի կողմից, ով նաեւ հայտնաբերել էր «Մենամարտող դինոզավրեր» հայտնի բրածոն:
Մասնավոր հավաքորդության էթիկական հարցերը
Աճուրդի կապակցությամբ գիտական հանրության շրջանում մտահոգություններ են հնչում այն մասին, որ գերհարուստների կողմից բրածոների գնումը կարող է ստեղծել նոր իրավիճակ, երբ եզակի նմուշները հասանելի չեն լինի լայն հանրությանը եւ հնէաբաններին: Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, «Յուրայի շրջանի այգին» ֆիլմերի խորհրդատու Սթիվ Բրուսատեն BBC-ին տված մեկնաբանությունում նշել է նշել է, որ անհանգստացնող է մտածել, որ «Ջոդին» կարող է անհետանալ մասնավոր հավաքորդների պահոցներում՝ զրկելով հանրությանը եւ երեխաներին դրանք տեսնելու հնարավորությունից:
Մյուս կողմից, Մեգան Ջենքինսը նշել է, որ հանքավայրերի պեղումները պահանջում են հսկայական ջանքեր, ժամանակ եւ ֆինանսական միջոցներ, ուստի մասնավոր անձինք ունեն վաճառքի իրավունք։ Նա հավելել է, թե չնայած մտահոգություններին, հաճախ մասնավոր նմուշները ժամանակի ընթացքում ցուցադրվում են թանգարաններում կամ դառնում գիտական ուսումնասիրությունների առարկա:

