fbpx
Քաղաքականություն

ԱԺ նախագահի տեղակալը ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

«Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը:

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը:

«Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար»,-փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով:

Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարևորել է այս ձևաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջև շփումների ակտիվացման և երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:
Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին և այս հարցում կարևորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին:

Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին և հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին:

Բաբկեն Թունյանը, կարևորելով տնտեսական համագործակցության խթանումը, կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը:

Կողմերը կարևորել են նաև համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ